Էջ:Arakel of Tabriz, History.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լուսավորվում են իրենք և լուսավորում մերձականերին և սրանցով մեր հայոց ազգին, որովհետև մինչև այս ժամանակները տգիտությամբ խոպանացել էր ու կորդացել մեր հայոց ազգը, որ ոչ միայն չէին կարդում, այլև գրել-կարդալ չգիտեին և չէին ըմբռնում գրքերի նշանակությունը, որովհետև գիրքը մարդկանց աչքում իր պիտանիությունը կորցրել էր»։ Հայոց հարուստ պատմագրության մեջ չկա մի գիրք, որ այնքան մանրամասնորեն ներկայացնի հայոց դպրոցների պատմությունը, ինչպես Դավրիժեցին է ներկայացրել։ Նա շրջելով Հայաստանում և հայաբնակ օտար վայրերում՝ ամենուրեք ուսումնասիրել է դպրոցական գործը և նկարագրել։ Այս առումով ամենից հետաքրքրական դրվագը Բաղեշի Ամրդոլու վանքի ու դպրոցի նկարագրությունն է, որ նա տվել է իր գրքի ԻԹ գլխում։ Դպրոցներում կրոնական գրքերը կարդացնելն ու բացատրելը շատ հեշտ էր. սակայն Ամրդոլու վանքի միաբան Բարսեղ վարդապետը որոշում է դպրոցներում տարածել հունական փիլիսոփայության և Դավիթ Անհաղթի գրքերի ուսումը։

Բարսեղից հետո փիլիսոփայական գրքերի ուսումնասիրությունն ու տարածումը ստանձնում են Ներսես վարդապետն ու Մելքիսեթ Վժանցի աբեղան։ Եվ պետք է կարդալ Դավրիժեցուն ու տեսնել, թե ինչ հրճվանքով է խոսում նրանց տիտանական ջանքի ու տքնության մասին, որ կարողացան բոլորովին անհասկանալի գրքերը հասկանալի դարձնել և ուսուցանել ու տարածել։

Դավրիժեցին կսկիծով է նշում, որ իր ժամանակ հայ ազգը ոչ միայն չունի անկախ պետության, այլև վերացել են տեղական անկախությունները, ուստի և դառն ու ավանդական բացատրությամբ ողբում է այս ծանր իրականությունը։ «Մեր հայոց ազգը․․․ ոտքի կոխան ծառա ու գերի դարձավ օտար ազգերի ու թագավորների»։ Չկա քաղաքական իշխանություն, պետականություն, որ պատմիչը դարձնի իր պատմության առանցքը, ուստի նա ուշադրությունը սևեռում է իր ժողովրդի մշակութային կյանքի պատմության վրա։

Մեր պատմիչներից ոչ մեկը այնպիսի մանրամասնությամբ չի խոսում երկրի շինարարական գործի մասին, ինչպես Դավրիժեցին։ Նա ոչ միայն նկարագրում է նոր վանքերի, եկեղեցիների, ամրոցների ու շենքերի կառուցումն ու նրանց կառուցողներին, այլև մանրամասն պատմում է հին կառույցների մասնակի վերանորոգումները, նկարազարդումները, պարսպապատումները և այլն։ Չհաշված այն կառույցները, որոնք նկարագրված են միջանկյալ կերպով գրքի տարբեր հատվածներում, պատմիչը ամբողջ ԻԶ գլխում շարադրում է երկրում կատարված կառուցողական աշխատանքները, հիշատակում նրանց կառուցողներին։

Առաքել Դավրիժեցին, լինելով իր դարի զավակը և տուրք տալով ժամանակի սնահավատություններին, սրբարար հրաշագործություններին, վկայաբանական հրաշքներին, այնուամենայնիվ, մի լուսամիտ ու առաջադեմ մարդ էր։ Իբրև կրոնավոր և 17-րդ դարի մարդ նա շատ չպետք է ոգևորվեր հունական փիլիսոփայական գրքերի ուսուցմամբ ու տարածմամբ, բայց մենք տեսանք, թե ինչ խանդավառությամբ է ընդունում այդ փաստը։

12