Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մահմեդական դարձնել», Երկրորդ՝ որ վճռեց ու ասաց. «Եթե վճարեն ամբողջ փոխատվությունը, լավ է, ազատ կլինեն, իսկ եթե չվճարեն, պետք է իրենց հավատից դառնան և հավատով լինեն մահմեդական, իսկ ես նրանցից առած պարտքը կշնորհեմ նրանց, այլև պարգևներ կտամ նրանց»։ Այս վճիռն էլ կտրեց և ստիպեց պարտքը առնել։ Սրանով երևում է, վերջին կարծիքն է ճիշտ։

Իսկ զինվորները՝ թագավորից այսպիսի հրաման առնելուց հետո, սկսեցին քրիստոնյաներից պարտքը պահանջել խիստ ճշտությամբ. կախում էին, ծեծում, բանտարկում և բազմաթիվ ձևերով նեղում, որ գուցե նեղությունների պատճառով իրենց հավատից հետ կանգնեն. բայց ժողովուրդը համբերում էր, դիմանում էր բոլոր չարչարանքներին և հավատից հետ չէր կանգնում։ Այնուհետև հայոց ողորմելի ժողովուրդը որդիներով, ընտանիքներով շրջում էր քաղաքի պողոտաներով ու փողոցներով ամենքի մոտ լալիս ու ողբում էր, գուցե թե որևէ տեղից օգնության հնար լինի փոխատվությամբ կամ ողորմությամբ։

Շրջագայելով գնացին ֆռանկների վանքերը, որոնք Սպահան քաղաքի մեջ են գտնվում։ Ֆռանկների ազգից մի եպիսկոպոս այդ ժամանակ եկել էր Սպահան և բնակվում էր ֆռանկների վանքում. այդ եպիսկոպոսին Հուսինիա են կոչում։ Այս եպիսկոպոսը երևելի ու հարուստ մարդ էր, որին շատ անգամ շահը կանչել էր իր մոտ, խոսել և մտերմացել էր նրա հետ։ Եվ երբ այս եպիսկոպոսը տեսավ հայերի արտասուքը, հարցնելով տեղեկացավ ամեն ինչին, նրանց հետ հուսադրական խոսքերով խոսեց և ասաց. «Մի վախենաք, այլ հաստատուն մնացեք ձեր քրիստոնեական հավատի վրա, իսկ ես ինչ որ ունեմ, կտամ ձեզ ոչ թե փոխարինաբար, այլ Քրիստոսի սիրո և նրա հավատի համար, իսկ դուք տվեք շահին, վճարեցեք ձեր պարտքերը և ձեր հավատից հետ մի կանգնեք»։ Իսկ հայերը արտասուքներով օրհնում էին աստծուն ու եպիսկոպոսին և շնորհակալությամբ իրենց գոհունակությունն էին հայտնում նրան, որովհետև անհնարին նեղությունների մեջ օգնության հասավ իրենց։

Եպիսկոպոսը ըստ իր խոստման ժողովրդի երկու խմբին էլ դրամ տվեց. Ղարաբաշ մելիքի ձեռքով սրա խմբին երկու