դրամը ես ձեզ փոխարինաբար եմ տվել և այժմ միևնույն փոխ տված դրամը ձեզնից պահանջում եմ, ոչ թե ինչ-որ նոր դրամ եմ ուզում, այլ իմ տված փոխն եմ պահանջում և այն էլ առանց վաշխի ու տոկոսի, միայն դրամագլուխը։ Արդ՝ եթե այս խոսքը իրավացի է թվում ձեզ, տվեք ձեր առած փոխը, իսկ եթե ոչ, ահավասիկ դատավորներ ու դատաստաններ կան այստեղ քաղաքում, ես և դուք միասին կգնանք դատարան դատավորների մոտ, ինչ կարգադրություն անեն դատավորները, ընդունելի կլինի ինձ ու ձեզ համար։ Ինչ կողմից էլ որ խոսում էին, հայոց կողմը պարտված էր մնում։
Հայերը շատ օրեր շատ իշխանների բարեխոս ուղարկեցին շահի մոտ աղերսագրով և շատ աղաչանքով խնդրեցին թագավորին՝ գթալ չքավոր ու աղքատ ժողովրդի տառապանքներին, ներել ու զիջել այդ պարտքը, բայց նա չկամեցավ ներել։
Երբ հայոց կողմը խիստ ստորացավ ու խոնարհվեց, ժողովուրդը հավաքեց իր բոլոր դուստրերին և ուստրերին, բերեց կանգնեցրեց թագավորի առջև՝ ասելով․ «Քանզի դրամ չունենք, որ տված պարտքի դիմաց վճարենք թագավորին, մեր ուստրերին ու դուստրերին տալիս ենք թագավորին, որպես պայմանավորվեցինք»։ Ուստրերի ու դուստրերի հետ, որոնց նրանց հայրերը բերել էին, աղետը ցավակցելու համար եկել էին նաև նրանց բոլոր ազգականները՝ մայրերը, եղբայրները և ուրիշներ, որոնք համախմբված կանգնած բարձրաձայն ողբում ու արտասուքներով լալիս էին այնպես, որ բոլոր տեսնողների սիրտն ու աղիքները մորմոքով կտրատում էին։ Թագավորը տեսնելով նրանց այսպիսի ողբերի ու հառաչանքների մեջ՝ հրաժարվեց երեխաներին վերցնել և չառավ․ այն բանի համար, որ թագավորը երեխաներին չվերցրեց երկու պատճառ են դնում. ոմանք ասում են, թե տեսնելով ժողովրդի արտասուքները՝ աստծուց վախեցավ, այդ պատճառով էլ չառավ․ ոմանք էլ ասում են երեխաներին չառավ, որպեսզի ամբողջ ժողովրդին միանգամից մահմեդական դարձնի։ Վերջին կարծիքը ճիշտ է թվում երկու փաստով, նախ որ բարկացավ Ուղուրլու բեկի վրա նրանց այդտեղ բերելու համար և ասաց. «Ինչ օգուտ է մեզ, որ դու երեխաներին բերել ես, որովհետև ես կամենում եմ բոլորին