Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու չար ժողովուրդ և արժանի բնաջինջ կոտորման. ես խղճալով ձեզ՝ տվի այսքան դրամ և այդքան տարվա շահը ևս նվիրեցի ձեզ, խոստացա նաև այլ շնորհներ անել, եթե դառնաք մեր հավատքին, իսկ դուք ասացիք, թե դրամի համար մեր հավատքը չենք ուրանա, իսկ այժմ ինչպե՞ս դարձաք ֆռանկների հավատին և նրանցից դրամ առաք, արդ՝ եթե դրամի համար հավատից հավատ էիք դառնում, ինչ նվաստություն և արատ ուներ մեր հավատը, որին չդարձաք»։ Մելիքը իր ընկերներով պատասխանեց. «Ով հրաշափառ ու տիեզերակալ արքա, քավ լիցի, որ մենք դառնանք մեր հավատից, մենք չենք դարձել մեր հավատից, այլ կանք մեր հավատին, ինչպես որ առաջ էինք, և ովքեր որ մեր մասին քո տերության առջև այդ խոսքերը ասել են, նրանք սուտ են ասել. և այն դրամը, որ ֆռանկներից առանք, փոխարինաբար առանք, որը և բերինք, տվինք պարտքի դիմաց»։ Արքան պատասխանելով ասաց. «Ձեր խոսքը ճշմարիտ չէ, քանզի պատրվակ է այդ փոխը, որովհետև եթե իսկապես դա փոխ էր, ինչո՞ւ այլ ազգերից չվերցրիք, այլ միայն ֆռանկներից»։

Ու թեև շատ օրեր շատ ձևերով խոսեց ժողովուրդը, այնուհետև արքան նրանց խոսքը բանի տեղ չդրեց: Այլ ինչպես սկզբում ասել էր, այնպես էլ այժմ ասաց. «Եթե դառնաք մեր կրոնին, շատ լավ կանեք, որովհետև ինչ որ պարտք եք, այդ ամենը ձեզ կշնորհեմ և ի լրացում դրա բազմաթիվ պարգևներ ու նվերներ էլ կբաշխեմ ձեզ։ Իսկ եթե չդառնաք, ձեզ կենթարկեմ անխուսափելի տանջանքների, որպեսզի տանջանքների մեջ ձեր ոգիները վատնվեն, սպառվեն, և իզուր սատկեք: Եվ իսկույն հանձնեց դահիճների ձեռքը, որ առանց որևէ ներման միշտ տանջեն մինչև կամ դարձի գան, կամ մեոնեն։

Այնուհետև մեգ ու մառախուղ և անփարատելի խավար եկան հասան ողորմելի ժողովրդի վրա, քանզի անօրեն դահիճները անմիջապես շտապեցին այստեղ-այնտեղ, գտան ժողովրդի բոլոր մարդկանց, բռնեցին ու սկսեցին անխնա չարչարել, ծեծել, վիրավորել կախաղանի վրա, մեջքի վրա գցած, շղթաներում, կոճղերում, բանտերում, արգելարաններում, սովով ու ծարավով և այն էլ շատ օրեր։ Իսկ ժողովրդի աղաղակը,