Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տղամարդկանց ու կանանց լացուկոծը միմյանց խառնված՝ երկինք էր հասնում։

Ղարաբաշ մելիքին գլխիվայր կախած այնքան բրածեծ արին, որ ոտքերի եղունգները թափվեցին, ամբողջ մարմինը արյունով շաղախվեց և անշնչացավ ինչպես մեռել։ Ավելի խիստ անողորմ ծեծեցին՝ բռնված մյուս քրիստոնյաներին ահ ու երկյուղ ներշնչելու համար։ Նրա [Ղարաբաշի] ընտանիքը նրան տարավ ծածկեց գոմաղբի մանրուքով։ Իսկ պարսիկ զորականները որ ժողովրդին չարչարում էին, ուրիշներին խաբելու համար լուր տարածեցին, թե Ղարաբաշ մելիքը մահմեդական դարձավ։ Այն պարսիկները, որ այս ամբողջ չարիքները թափեցին նրանց վրա, իմացան նրանց հաստատուն մտադրությունը և հասկացան, թե կկամենան մեռնել, բայց մահմեդականությունը չեն ընդունի, ուստի այնուհետև բռնի վայր էին կախում, թլպատում և իրենց հավատքի դավանության [համապատասխան խոսք] էին ասել տալիս։ Քրիստոնյաներից շատերը կաշառքներ տվին զորականներին ու թլպատողներին և թլպատությունից զերծ մնացին։

Ապա գնացին, շահին ասացին, թե Ղարաբաշ մելիքն ու իր ժողովուրդը կատարեցին թագավորի հրամանը, որովհետև թլպատվեցին ու դավանեցին մեր դավանությունը ու դարձան մուսուլմաններ։

Այդ ժամանակ շահը ուրախացավ, հրամայեց՝ դրանց ամենքին, ովքեր հավատի եկան, զիջել առաջին պարտքերը, որ պիտի տային, որովհետև ես շնորհեցի, նաև նոր պարգևներ հիմա տվեք, որպեսզի մխիթարվեն կրած տառապանքներից։ Թագավորի այս հրամանի հիման վրա նրանց բոլորին կապանքներից արձակեցին և նրանց պարգևներ տվին՝ յուրաքանչյուր տանը առանձին երեք թուման փող։ Սրանց նկատմամբ այս կերպով վերջացրին գործը [և սրանք] վերադարձան իրենց տները, որովհետև ցերեկը երեկոյացել էր։

Սրանցից հետո հերթը հասավ Ղրխյալան մելիքին ու իր ժողովրդին։ Այդ նույն երեկոյան դահիճները եկան, բռնեցին Ղրխյալան մելիքին ու տարան։ Սրան թագավորի կողմից հրամայվեց. «Դարձիր մահմեդական կրոնին, ստացիր պարգևներ ու մեծաթյուն ու պետական պաշտոն, քո անձը անմտաբար մի մատնիր տանջանքների և մի եղիր կեր առյուծների