Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Մենք ի՞նչ լավ բարիքներ և երախտիք տեսանք շահից, որ շահի սիրո համար հավս քեզ տամ»։ Շահը ասաց. «Ձեզ էլ ի՞նչ բարիքներ անի շահը, քանի որ այսպիսի լավ ու վայելուչ երկրում բնակեցնելով՝ ամեն նեղություններից ապահով պահում է ձեզ և քաղցրությամբ ու գթով է վարվում ձեր հետ և կինն ասաց. «Երանի թե մեզ բերած չլիներ, որովհետև վտարանդի արեց մեզ, հանեց մեզ մեր բնիկ երկրից, բնիկ տեղերից, հայրենի ժառանգություններից և բերեց այստեղ օտար աշխարհում բնակեցրեց իբրև պանդուխտների»։ Կնոջ այս խոսքը իբրև երկսայրի սուր դիպավ շահի սրտին, որովհետև նրան խիստ ծանր ու դառը թվաց․ սրտով ու հոգով խոցված էր և ավելի բարկությունից լռած էր մնացել ու ոչինչ չէր խոսում։ Այս ժամին շահի մոտ եկան, հասան նույնի նախապատիվ և փառավոր նախարարները՝ Սպանդիար-բեկը և այլք։ Եվ տեսնելով նրան այդպես զայրագին բարկությամբ լցված, ոչինչ չխոսեցին, այլ լռած կանգնեցին հեռու։

Եվ ահա գալիս, նրանց մոտով անցնում էր այդ գյուղի քահանան, որի անունն էր տեր Ավետիս. սա դաշտային աշխատանքից գալով՝ գնում էր իր տունը։ Երբ շահը նրան տեսավ, կանչեց իր մոտ ու հարցրեց, թե ինչ մարդ ես․ քահանան ասաց՝ հայ եմ․ շահը ասաց՝ ինչի՞ համար է մորուքդ երկար, քահանան ասաց՝ այս գյուղի քահանան եմ․ շահը ասաց՝ եկ դարձիր մուսուլման․ քահանան ասաց՝ ես գռեհիկ մարդ եմ, մանավանդ ծերացած եմ, ուստի չեմ կարող մուսուլմանական կրոնի արարողությունները կատարել։ Թագավորի զայրագին սրդողությունը սարսափելի հորդելով ավելացավ։ Շահը իր բարկությունից չհանդուրժելով իր հետիոտն առաջավորի ձեռքից առավ կացնակը, որ նաջախն է, և նրանով ուժգին բախումով հարվածեց քահանայի գլխին և լայն պատռեց։ Քահանան վերքին ու հարվածին չդիմանալով, ուշաթափ ու խելակորույս լինելով՝ անշնչացած ընկավ ինչպես մեռել։ Շահը իր սաստիկ բարկությունից այնտեղ միևնույն պահին մերձականերին հրամայեց նրան թլպատել, որ և անմիջապես արեցին, չնայած քահանան իբրև մեռել անզգա էր։ Թողնելով քահանային այդպես՝ ինքը անցավ գնաց բանակատեղ իր վրանը։