անարգեց նրան, որ տարիներ անցնելուց հետո ինչ-որ պատրվակով առավ իր կնոջը, թե գնում եմ Թավրիզ. և այնտեղից անցավ գնաց Երուսաղեմ, կատարեց Քրիստոսի մարդեղության ամբողջ ուխտը։ Եվ ինքն ու կինը մնացին այնտեղ։ Եվ քանի որ արհեստով քարագործ էր, սուրբ Երուսաղեմի համար աշխատում էր առանց վարձի՝ ակնկալելով տիրոջից վարձի հատուցում. և իր կյանքի ամբողջ ժամանակը, որ ապրեց, այդպես մնաց և այնտեղ Երուսաղեմ քաղաքում վախճանվեց, և Ղրխյալան մելիքն ու իր կինը թաղվեցին (այնտեղ)։ Սրանց թող ներում ու թողություն տա տեր Քրիստոսը յուր անսահման ողորմությամբ. ամեն։
Եվ ժամանակների օրերում, երբ մեր թվականության 1069 (1620) թվականն էր, այնպես եղավ, որ Շահ-Աբաս մեծ և առաջին թագավորը Սպահան քաղաքից ելավ, գնաց Փարիայի և Բուրվարի գավառները, որտեղ հայ ժողովրդին էր բնակեցրել։
Եվ քանի որ այս Շահ-Աբասը սովորություն ուներ երբեմն-երբեմն իրեն այլակերպում, ձևանում էր իբրև մեկը զորականներից և գնում էր այնտեղ, ուր գնալու էր. ըստ այդ սովորության այս անգամ ևս նույնը արեց։ Ինքը միայն և իր առջևից գնացող հետիոտնը [փայեկը] նախքան ամբողջ զորքը՝ եկան Փարիա երկրի առաջին գյուղը, որ Դարբնի գյուղ են անվանում։ Նրան [շահին] միևնույն գյուղից մի կին հանդիպեց, որ չգիտեր, թե սա շահն է։ Շահը խոսեց կնոջ հետ և ասաց. «Թե վաճառելու հավ ունես, բեր ինձ՝ գնեմ։» Երբ կինը հավը բերեց, հավի պատճառով կնոջը փորձելու համար շատ խոսք առաջարկեց. դատարկաբանություն էր անում և իր սրտի մեջ անօրենություն էր կուտակում։ Խոսքի ընթացքում շահը ասաց. «Տասը փող եմ տալիս քեզ իբրև այս հավի գին, եթե դու շահին սիրում ես, այս հավը տուր մեզ»։ Կինը ասաց.