Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկ էլ հանկարծակի ահեղ գոռոցով ձայն արձակեց Նուրիջանը և իր դարանակալած տեղից սկսեց նետեր արձակել նրանց վրա։ Այդպիսի նետաձգությամբ արգելեց, կանգնեցրեց նրանց, ապա դուրս գալով դարանից, հաճախակի նետաձգությամբ հալածելով նորից ետ դարձրեց Փառշիշ, մտցրեց գյուղի մեջ, իսկ ինքը դարձավ իր Փահրան գյուղը։

Իսկ Փառշիշ վերադարձած թլպատողները մնացին մինչև երեկո, ապա լրտես ուղարկեցին, որ իմանան, թե ուր է Նուրիջանը, իսկ լրտեսն եկավ, ասաց, թե ահա իր տանն է։ Այն ժամանակ պարսիկ բոլոր սպասարկողները գիշերանց ելան գնացին Փահրան, Նարիջանի տունը շրջապատեցին և նրան բռնելով կապեցին։ Օրը լուսանալիս գցեցին մեջքի վրա ու սկսեցին բրածեծ անել նրան։ Այնքան զարկեցին, որ նրա մարմնի վրա ամենևին ողջ անդամ չմնաց, դարձավ ինչպես մեռել, և տեղնուտեղը անմիշապես թլպատեցին, ապա հեռացան նրանից։ Գյուղացի կանայք տարան թաղեցին գոմաղբի մանրուքի մեջ մինչև երեք օր։ Նուրիջանը մնաց անկողնում այն ցավով, հյուծված մարմնով․ չորս ամիս չէր կարողանում ոտքի վրա կանգնել։

Եվ այսպես, թլպատող իշխանները շրջեցին երկու գավառներում՝ Փարիայում ու Բուրվարիում, ումը գտան, թլպատեցին՝ թե աշխարհական, թե քահանա։ Եվ ըստ ամենայնի վերջացնելով՝ վերադարձան Սպահան քաղաքը ու պատմեցին թագավորին։ Շահը հրաման արձակեց թլպատված քահանաների վերաբերյալ, թե արքունական գանձից յուրաքանչյուր քահանայի տան համար քառասուն ոչխար. այդպես արին։ Շահը այս ոչխարները այն բանի համար տվեց քահանաներին, որ քահանաներից ոմանք՝ ագահ լինելով ինչքի հանդեպ, գոհանան այդ տվածով և իրենց ժողովրդին չգրգռեն մահմեդականությունից ետ կանգնել, իսկ ոմանք էլ եթե կերած, վատնած լինեն, վճարելու երկյուղից մնան մահմեդական։

Նախաչարի այս մտածումով լցված շահը ուղարկեց նաև այլ իշխաններ զինվորներով և հրամայեց նրանց գնալ այդ երկու գավառները, շրջել բոլոր գյուղերը, բռնել բոլոր քահանաներին և սպառնալիքներով սարսափեցնել նրանց և առնել երդում ու պայման նրանց բերանից, որ իրենց գրքերից ոչ մի գիրք չպահեն, իսկ եթե լինի մեկը, որ պահած է, ով այդ