Լուսավորչի աղոթքների շնորհիվ այդ նույն օրվա միևնույն ժամին սուրբ Էջմիածնի եպիսկոպոսներից երկու հոգի՝ մեկի անունը Գրիգոր եպիսկոպոս, մյուսին՝ Վարդան եպիսկոպոս, ելել են զվարճանալու համար շրջագայելու և շրջելով հասել են սուրբ Հռիփսիմեի տաճարը․ և այն ժամին են վրա հասել, որ հայրերը [ֆռանկ] տապանը նշխարներով բերել են եկեղեցու մեջ և կամեցել են նշխարները վերցնել: Եպիսկոպոսները հայրերին այդ գործի վերաբերյալ հարցրել են, իսկ նրանք թեպետ խոսք են կցմցել և բարբաջել, բայց չի հարմարվել։ Իսկ եպիսկոպոսները շրջելով եկեղեցում՝ ամեն ինչ տեսնում են՝ վերևից ծակը, կողմից դուռը և մատուռը, գլորած տապանաքարն ու փորված գերեզմանը։ Հուզված ու զայրացած եկել են հայրերի մոտ և կոիվ ու աղմուկ են արել նրանց հետ, մինչև անգամ միմյանց ծեծել, վիրավորել։ Վարդան եպիսկոպոսի գլխին հայրերը խփել էին ու վիրավորել, որովհետև հայրերը երեք հոգի են եղել, իսկ եպիսկոպոսները՝ երկու․ սպին ու վերքի տեղը այս ժամանակ մեզ ցույց տվեց և այս պատմությունը մեզ նա պատմեց, որոնց ինքը ականատես էր եղել, սրան թող տերը ողորմի և թողություն տա նրա հանցանքներին։ Եպիսկոպոսները չեն թողել, որ հայրերը այդ ժամին նշխարներից մաս վերցնեն և ծեծ կռվից հետո երկու եպիսկոպոսները վերցրել են նշխարներով լիքը տապանը և բերել են Էջմիածին, հայրերը նույնպես նրանց հետ եկել են Էջմիածին։ Իսկ եպիսկոպոսները տապանը նշխարներով լիքը դրել են հրապարակի վրա․ միաբանները լսելով՝ վրա են հավաքվել, այլև եկել են գյուղացիները և մինչև իսկ Մելիքսեթ կաթողիկոսը ինքը։ Եվ ովքեր եկել տեսել և իմացել են, հիացել ու զարմացել են և ասել. «Մենք որ հայրերից ու պապերից այստեղ ենք ծնվել ու սնվել, այսքան ժամանակ բնավ տեղյակ չենք սրանց, իսկ սրանք օտար մարդիկ, նաև պանդուխտ, ինչպե՞ս կարողացան գտնել և այսպիսի գործ անել»: Եվ եղած գործի պատճառով վանքի եպիսկոպոսներն ու միաբանները խիստ սրտմտությամբ ու սաստիկ բարկությամբ վիճաբանում ու կռվում էին հայրերի հետ։ Սպասում էին կաթողիկոսին, թե կդատապարտի հայրերին ու վրեժխնդիր կլինի նրանցից։ Իսկ նա, որ հայրերից առել էր ոսկի դահեկաններ
Էջ:Arakel of Tabriz, History.djvu/149
Արտաքին տեսք