Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ըստ իրենց սովորության հայրերը [ֆռանկ] անխափան գնում-գալիս էին սուրբ կույս Հռիփսիմեի տաճարը և Հռիփսիմեի գերեզմանի մատուռը, որ շինված էր գետնի խորքում՝ ավագ բեմի ներքևը, և բեմը վերևի կողմից մատուռի վրա կառուցել, շինել էին իր տեղում՝ ավագ խորանի մեջ։ Իսկ մատուռի դուռն ու լուսամուտը ոչ ոք չէր տեսել, որովհետև հայտնի չէր. մատուռի և եկեղեցու շինողը շինելիս իմաստությամբ էր արել։ Մատուռի դուռը և սրա ճանապարհը կողքից թողել էր եկեղեցու հյուսիսային խորանի մեջ։ Մատուռի դռան լայնության ու երկարության չափով մի մեծ ու անշարժ վեմ քար, որ ոչ ոք չէր կարող շարժել, կոփել ու դրել էին մատուռի դռան մեջ իբրև սրա կափարիչ, բայց վեմ քարը այնպիսի հնարամտությամբ էին դրել, որ ոչ ոք չիմանար և կամ համարեր, թե այնտեղ դուռ կա կամ վեմը նրա կափարիչն է, այլ վեմը համարում էին որմի շարած քարերից մեկը։ Մեր ազգից ոչ ոք սրանց տեղյակ չէր՝ ո՛չ մատուռին, ո՛չ էլ սրա դռանը։ Իսկ ֆռանկ հայրերը իրենց գրքով գտել էին մատուռի դուռը և շատ աշխատանք ու չարչարանք էին կրել կափարիչ վեմի վրա, որ վեր բարձրացնեն, բայց չեն կարողացել։ Եվ դուռը բանալու չարչարանքից, մտորումներից ու խոկումներից հետո եկել են այն համոզման, թե չի լինի, ապա թողել են մատուռի դուռը, եկել ելել են բեմը՝ ավագ խորանը։ Առաջաբեմի վերևի կողմից և ընծայարանի ներքևից ըստ իրենց գրքի ցուցման դռան ճանապարհն է, նրա հանդեպ այնքան են փորել, մինչև որ դռան ճանապարհի առաստաղը ծակել են և իջել ներս ճանապարհի մեջ, ապա ներքուստ և արտաքուստ այնքան են չարչարվել, մինչև որ կափարիչ վեմը թռցրել են տեղից և դուրս են գցել հյուսիսային խորանի մեջ։

Սրանցից հետո իջել են մատուռի գերեզմանի մեջ և գերեզմանի տապանաքարը գլորել են հեռու և փորել Հռիփսիմե կույսի գերեզմանը այնքան, մինչև հասել են տապանին, որի մեջ դրված են եղել Հռիփսիմեի սուրբ մասունքները։ Առավել ևս փորել են, մինչև որ նշխարների տապանը իր բուն տեղից ու ամրությունից թռցրել են։ Ապա նշխարներով լի տապանը մատուռից դուրս են բերել մեծ եկեղեցու մեջ և կամեցել են նշխարները վերցնել։

Եվ աստծու խնամքների ու ողորմությունների և սուրբ