Մահմեդին ամենևին չեք պատվում և ընդունում»։ Նույն ժամին նրանց դիմաց նստած է լինում մի շուն. մեկը հայրերից ձեռքը մեկնելով դեպի շունը՝ ասում է. «Ի՞նչ է Մահմեդը, որ նրան պատվենք, թե Մահմեդը և թե այն շունը զուգահավասար են»: Այս խոսքի վրա սուլթանը, նրա բոլոր մարդիկ ու ծառաները խոր խոցվել են և մահու չափ վիրավորվել, բայց ոխը ժամանակավորապես թաքցրել են իրենց սրտերում և դուրս չեն բերել:
Իսկ հայրերը շատ թե քիչ օրեր հետո Նախիջևանից ելած գնացին Երևան, իսկ այնտեղից ելել են, որ գնան Գեղարքունիք և, երբ հասել են այն լեռանը, որ Սուլեյմանի սար են ասում, նրանց հետևից եկել են հինգ հեծյալ՝ ազգով ղզլբաշ մարդիկ, հասել են հայրերին. և մինչ նրանց հետ զրուցելով ճանապարհ էին գնում, հանկարծակի սրով զարկել և սպանել են երկու հայրերին, որոնք Հռիփսիմեի նշխարները հանողներն են եղել։
Նրանց հետ եղել է մի այլ աշխարհական մարդ, որ հայրերի սպասավորն էր. սրա անունը Աղամիր է եղել՝ ֆռանկների Ապրակունիս գյուղից։ Հայրերին սպանելու ժամանակ այս մարդը փախել է մի քարաժայռի կողմ, ղզլբաշ զինվորներից մեկը ընթանալով նրա հետևից՝ այնտեղ նրան հարվածել է սրով՝ գլխին, պարանոցին, ուսին, արմունկին։ Վիրավորված մարդը ընկել է գետին և իրեն ձևացրել է մեռած։ Զինվորը ևս նրան ստույգ մեռած է համարել, որովհետև մարդուն հարվածել է ոտքով և բարձրից՝ քարաժայռի գլխից նրան նետել է ներքև քարի վրա, ինքը գնացել է իր ընկերների մոտ։ Իսկ այս գործը կատարած զինվորները առել են նրանց ունեցվածքը, ինչ որ հավանել են և գնացել են իրենց ցանկացած տեղը։
Եվ այս ղզլբաշ զինվորները, որոնք հայրերին սպանեցին, ոմանք ասացին, թե Մախսուդ սուլթանի զինվորներից էին, որոնք Մահմեդին անարգելու համար [հայրերը անարգեցին՝ ասելով, թե նա զուգահավասար է շան] Մախսուդ սուլթանը ուղարկեց նրանց թաքուն սպանելու, և զինվորները եկան այդպես էլ արին։ Ոմանք էլ ասացին, թե հայրերին սպանող զորականները Ամիրգունա խանի զինվորներից էին, որ Էջմիածնի գավառի իշխանն էր։ Սա հայրերի հետևից [մարդ] ուղարկեց