նրանց սպանելու երկու պատճառով, նախ՝ Սուրբ Հռիփսիմեի նշխարների վրեժխնդրությունը լուծելու, որ Ամիրգունա խանի գավառից նշխարները հանեցին և տարան այլուր․ և երկրորդ՝ ասացին, թե Ամիրգունա խանը լսել էր, որ այդ հայրերի մոտ ոսկու և արծաթի մեծ գանձեր կան, այդ գանձերի համար զինվորներ ուղարկեց, սպանեց նրանց և գանձը առավ։ Արդ Մախսուդ սուլթանից, Ամիրգունա խանից, թե որտեղից [փաստ է, որ] զինվորներ եկան և սպանեցին հայրերին, իսկ հայրերի սպասավորներին վիրավորված գցեցին քարաժայռից ցած։
Իսկ մենք, երբ պատմություն գրելու համար ելանք, շրջեցինք, գնացինք Նախիջևանի երկիրը՝ Երնջակ գավառը, Ապարաներ գյուղը, հանդիպեցինք այս մարդուն՝ Աղամիրին․ տեսանք իրեն, վերքերի տեղն ու սպիները։ Նա մեզ պատմեց վերոհիշյալ պատմությունը։ Իսկ վերջում ասաց. «Թե երբ ինձ քարաժայռից գցեցին, վայր ընկա գետի ջրի մեջ. սա այն գետն էր, որ Կոթա գետ են կոչում։ Գետի ջուրը ինձ առավ տարավ ու դեմ արեց մի քարի, այն քարը եղավ ինձ արգելիչ, և ինձ արգելեց մինչև երեկոյան մթնելը՝ աստղերի ելքը։ Եվ այս ամենը եկավ իմ գլուխը, ու ես աստծու շնորհներով կենդանի էի և գիտեի այն ամենը, ինչ որ պատահել էր ինձ։ Աստծու ողորմությամբ գետի ջուրը ինձ չխեղդեց, իսկ երբ երեկոն մթնեց, գետից դուրս եկա, գնացի, բայց չգիտեի, թե ուր եմ գնում. բայց գնալիս հանդիպեցի մի շատ բանուկ ու ոտնակոխ ճանապարհի։ Ինձ ու ինձ մտածեցի, թե ճանապարհի վրա կանգնեմ, որպեսզի սրա անցորդներին հարցնելով իմանամ, թե ինչ պետք է անեմ։ Այնպես եղավ, որ առավոտյան արշալույսին գրաստներով ինչ-որ հայ մարդիկ եկան, որ գնում էին ինչ-որ գյուղ։ Ես ելա խառնվեցի նրանց, իսկ նրանք իմանալով ինձ հետ ամբողջ պատահածը, ինձ դրին գրաստի վրա և հասցրին մի գյուղ, իսկ ես գյուղացիներին ամեն ինչ պատմեցի։ Գյուղացիներից ոմանք գնացին հայրերի սպանության վայրը, տեսան հայրերը սպանված, և նրանց բոլոր գրքերը, թղթերը, զգեստները ցրված անբնակ վայրում։ Այնտեղ ճանապարհին մոտ փոս փորեցին, հողով արին, ծածկեցին նրանց։ Իսկ ես մնացի գյուղում, մինչև իմ վերքերը առողջացան, ապա ելա եկա իմ տունը։ Արդ Աղամիր անունով