Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր ու մտածում, թե ինչպիսի միջոցներ հնարի հայոց ազգի համար, որ չդառնա իր երկիրը, այլ մնա պարսից աշխարհում։ Որովհետև հայերից նրանք, որ ծնվել էին Հայաստան աշխարհում, շատ էին բաղձում Հայաստան գնալ, այդ պատճառով հնարներ գտնելու համար Շահ-Աբասը խոնարհվում, իջնում էր իր վեհ փառավորությունից և խոսում էր ամեն հայի հետ, ում որ հանդիպում էր՝ թե նշանավոր երևելի մարդկանց, թե հարուստների, թե աղքատների հետ։ Խոսեցնում էր ժողովրդին, իսկ ինքը համակ ուշադրություն դարձած մտքով ականջ էր դնում նրանց խոսքերին, իր սրտում կուտակում էր անօրենություն և հղանում էր տառապանքներ։

Եվ ինչպես նախօրոք ասացինք, շահը այլակերպվում էր և շրջում էր փողոցներն ու պողոտաները լսելու, թե ինչ են ասում։ Տնետուն էր մտնում, ում էլ որ պատահում էր, խոսք էր գցում ու խոսում էր շահի և հպատակների մասին. [ասում էր], թե շահը խաղաղասեր ու արդարադատ է և չի թողնում, որ իշխանները հարստահարեն հպատակներին։ Եվ մանավանդ ավելի հոգատար է հայ ազգի հանդեպ, որ նրանց բոլոր գործերն ու խոսքերը ըստ նրանց կամքի է անում։ Բայց ինչո՞ւ հայերը ջերմ ու հոժար չեն մնալու Սպահանի երկրում, քանի որ շեն երկիր է և թիկունքային, իսկ Հայաստան աշխարհը սահման է ու թշնամու բերան, միշտ ավար ու գերություն։

Եվ բազմիցս պատասխան է լսել, թե հայոց աշխարհում ամեն բարիքների լիություն է, առատություն ու էժանություն, իսկ այստեղ սուղ է ու թանկություն։ Այնտեղ են իրենց հայրերի ու նախնիների գերեզմանատները, վանքերն ու ուխտատեղիները, որտեղ սրբերի դամբարաններն են և մանավանդ մեծահանդես աթոռը՝ Սուրբ Էջմիածին, ուր գտնվում է Գրիգոր Լուսավորչի սուրբ աջը, որով օրհնվում է սուրբ մեռոնը, որտեղից [Էջմիածնից մեռոնը] գնալով սփռվում է ամբողջ աշխարհում ապրող հայերի մեջ, որտեղ էլ լինեն։ Այս պատճառով հայոց ողջ ազգը հնազանդվում է Էջմիածնի Սուրբ աթոռին և սրա կաթողիկոսին, որ նստում է այնտեղ։ Եվ այս խոսքերը ասել են ոչ միայն տգետ ու աննշան ոմանք, այլ նշանավորներ ու գիտուններ։ Այլև ոմանցից լսեցինք, թե նաև այն են ասել, եթե շահը կամենում է, որ հայոց ազգը պարսից