աշխարհում անխախտ մնա, նա պետք է Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը Սպահան բերի և այնտեղ շինի նոր Էջմիածին, որ մեռոնօրհնեք լինի և այնտեղ կաթողիկոս նստի, որ հայ ազգը այնտեղ կայունանա, մնա, որովհետև աջի և Էջմիածնի հետ հայոց ողջ ազգն է կապված։
Արդ՝ դարանակալ օձը ու քրիստոնյաների կյանքի, հոգիների և հավատքի խորամանկ թշնամին, որ հար հավետ հայոց ազգի նկատմամբ տարակուսանքի մեջ էր ընկած, այժմ հենց նրանցից [հայրերից] լսեց իր տարակույսների ստույգ լուծումը։ Այնուհետև հաստատ ու անփոփոխ մտադրվեց Սուրբ Էջմիածինը քանդել, խափանել այնտեղի կաթողիկոսությունը, Լուսավորչի աջն ու Էջմիածնի քարերը բերել Սպահան և այնտեղ շինել նոր Էջմիածին, որպեսզի այնտեղ նստի կաթողիկոսը, ու այնտեղից մեռոնը սփռվի ողջ աշխարհը, և դրանով հայ ազգը մնա Պարսկաստանում, նաև ամբողջ աշխարհի օգուտն ու եկամուտը հավաքվի իր քաղաքում ու իր ազգի համար։ Այդ պատճառով Սպահան քաղաքի մեջ տեղ հատկացրեց ու առանձնացրեց, որտեղ կամենում էր Էջմիածին շինել, և այդ տեղը մոտ էր այն այգուն, որ պարսկերեն բազիզրիշկ [ծորենու այգի] են ասում, այս այգու հետևից՝ արևմտյան կողմից նույն այգուն կից։
Մի օր շահը գնաց նշանակված տեղը, նրա հետ էին նաև խոջա Նազարը և այլ հայեր, շահը խոջա Նազարին ասաց. «Ձեզ համար այստեղ Էջմիածին եմ շինում, որպեսզի այն Էջմիածնի համար ձեր սրտերը կարոտ քաշելով չճմլվեն, կհրամայեմ՝ բազմաթիվ ուղտեր, ջորիներ, սայլեր գնան, որպեսզի այն Էջմիածնի քարը, հողը քանդենք բերեն այստեղ, որ այն քարով, հողով շինվի այս Էջմիածինը, որպեսզի առանց որևէ երկմտության ձեր սրտերը կպչեն այս նոր շինվածքին»։
Եվ այս կերպ [պատրվակ] հնարելով՝ կամենում էր քանդել Սուրբ Էջմիածինը, իսկ խոջա Նազարը քանի որ չէր ցանկանում Սուրբ Էջմիածնի քանդումը, դա նրա սրտին կսկիծ էր, շահի մտադրությունը խափանելու համար պատասխանել է այսպես. «Թագավորը ողջ մնա, եթե քո կամքը ուզի գեղեցիկ ու հաստատուն Էջմիածին շինել, կարող ես արծաթից ու ոսկուց շինել, ոչ թե քարից։ Ի՞նչ հարկ կա քարի ու հողի համար այդքան տառապանք կրել ու այդքան ծախս