սրերը դրել էին իրենց պարանոցին, որոնց երբ շահը տեսավ և հարցրեց, հասկացավ, որ Մելքիսեթի համար են խնդրում, որ չսպանի, այլև իմացավ, թե Ամիրգունա խանն է հնարել այդ, դրա համար սպանելու կամքը թուլացավ։ Ամիրգունա խանի արած այս գործը Մելքիսեթին արքայի առջև բերելուց շատ օրեր առաջ է եղել, այդ պատճառով շահը Մելքիսեթին սպանելու կամ տանջելու հրաման չի տվել այն օրը, երբ Մելքիսեթին և սրբությունները ներկայացրին թագավորին։ Սրբությունները տեսնելուց հետո շահը իր խոսքը ուղղելով Մելքիսեթ կաթողիկոսին ցասումով ու զայրույթով՝ շատ խոսքերով հանդիմանեց նրան: Եվ խոսքի վերջում ասաց. «Քո դատաստանը այստեղ անել չի լինի, քանի որ քո վնասը մեծ է, այժմ դու պետք է Սպահան գնաս և այնտեղ մնաս, մինչև ես գամ, քո դատաստանը անեմ»:
Արդ այստեղ մենք պետք է սքանչանանք և զարմանանք այն գործի հատուցման վրա, որ կատարվեց Մելքիսեթ կաթողիկոսի նկատմամբ, որովհետև նախ՝ սա աստծու օգնությունն անտես արեց, հույսը կապեց մարդու հետ և չանսաց օրենքի խոսքը, որ ասում է «Անիծված է նա, որ իր հույսը կապում է մարդուն»[1]։ Երկրորդ՝ արհամարհեց Սրապիոն վարդապետին, որ Սուրբ աթոռ Էջմիածնի պարտքը վճարելու և նրա նորոգման համար էր եկել Ամիդից։ Նաև իր հույսը դրել էր շահի վրա, իր սրտի ապաստանը նրան արած գնաց նրա մոտ Սպահան, որպեսզի ապագայում բազմաթիվ բարիքներ ընդունի նրանից։ Այնտեղից նա շահին բերեց հայոց աշխարհը, ամբողջ երկիր ավերեց, ծագեծագ անմարդաբնակ դարձրեց։ Իսկ այսօր ինքը ևս իր երախտիքի հատուցումը և ակնկալությունը նրանից այս չարչարանքը ընդունեց, ինչպես որ պատմեցինք ու տակավին դեռ պատմելու ենք փոքրիշատե։ Եվ այնպես է լինում խոսքի կատարումը, որ գրված է թե. «Ինչով որ մեկը մեղանչում է, նրանով էլ կտանջվի»[2], կամ թե «Մի հուսացեք իշխանների ու մարդկանց որդիների վրա, որովհետև նրանցում փրկություն չկա»։[3]