Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չարչարել, մեծ հարկադրանքներով պահանջում էր մեր լուսավորիչ սուրբ Գրիգորի աջը։ Իսկ կաթողիկոսն ու իր միաբանները մնացին անել վիճակում, չգիտեին ինչ հնարել, որովհետև Թահմազղուլին սաստիկ տանջանքով խոշտանգում էր նրանց։ Այս պատճառով Թահմազղուլի բեկի առջև բերին Լուսավորչի սուրբ աջը, սրա հետ նաև մի ոսկետուփ ունեցող թանկագին ավետարան և մի արծաթյա խաչ։ Թահմազղուլին առավ սրանք ու Մելքիսեթ կաթողիկոսին, եկավ Երևան քաղաքը։

Սրանից հետո Մելքիսեթին բերին Երևանի բերդի մեջ, գետնի վրա տարածեցին նրան և չորս կեղմերից կապկպեցին․ կապելով ցցերի՝ գցեցին մեջքի վրա։ Առան բևեռաքաշները, այսինքն՝ աքցանները և դրանցով կտրեցին ծղիների, այսինքն թևերի միսը և այդ կտրած միսը դրին նրա բերանը։ Երկու կողմից կանգնած փայտավորները ծեծում էին նրան և ասում՝ ծամիր և կուլ տուր։ Իսկ Մելքիսեթը թեպետ չէր կամենում, սակայն տառապանքից ճարահատ ծամեց և կուլ տվեց։ Ապա մունետիկը բարձրաձայն կանչեց, թե թագավորի հրամանը կաթողիկոսի վերաբերյալ կատարվեց որովհետև իր միսը ծամեց և կուլ տվեց։ Այլազգիների այս գործերն ու տանջանքները Մելքիսեթի վերաբերյալ արին Աստվածածնի փոխման պասի օրերին[1]։

Այս գործերից հետո Թահմազղուլի բեկը պատրաստեց զինվորներ, որոնց գլխավորի անունն էր Նաջիրլու Ղուբաթ աղա, Մելքիսեթ կաթողիկոսին կապանքով [Թամհազղուլի բեկը] տվեց նրանց, սրա հետ նաև Լուսավորչի աջը, ավետարանը և խաչը։ Սրանք տարան, հասցրին արքայի բանակը և հայտնեցին շահին, իսկ նա հրամայեց բերել իր առջև։ Բերին, շահի առջև բացին աջը, ավետարանը և խաչը։ Շահը մեկ առ մեկ վերցնում էր ձեռքը և նայում [սկզբում] ավետարանը, ապա խաչը և հետո Լուսավորչի աջը։ Եվ հարցնում էր, թե իրոք այս է, ապա համբուրելով աջը վայր դրեց։ Իսկ Մելքիսեթ կաթողիկոսին շահը հաստատ մտադրվել էր սպանել, բայց Ամիրղունա խանը խիստ լավ էր ընդունում Մելքիսեթին, որովհետև բարեկամ էր նրան։ Այս պատճառով այնպես հնարեց, որ իր երեք նորահաս տղա որդիները ուղարկեց շահի առջև, որ այդ ժամանակ անցնում էր բանակի միջով։ Տղաները իրենց

  1. Աստվածածնի պասը լինում է օգոստոսի կեսերին։