Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լուսավորչի աջին և մեծ պատիվներով բերին խոջա Սաֆարի տունը ի հանգիստ սրբուհի Հռիփսիմեի նշխարների և այլ սրբությունների հետ, որ այնտեղ էին գտնվում։ Արդ՝ մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը այսպիսի պատճառով և ձևով գնաց Սպահան։

Իսկ Թահմազղուլի խանը Լուսավորչի աջը ուղարկելուց հետո, մեծ ջանքերով հոգ էր տանում քարերը ուղարկելու համար. այս պատճառով ինքը բազմաթիվ զորականներով գնաց Սուրբ էջմիածին, և նշանավոր քարերը քանդեցին, հանեցին տեղերից. դրանք հետևյալներն են՝ սուրբ սեղանը, որի վրա սուրբ պատարագն էր մատուցվում, այս սեղանի սյունը, Քրիստոսի իջման տեղի քարը, ավազանը, մի քար բեմի հարավային կողմի աստիճանից, մի քար բեմի հյուսիսային կողմի աստիճանից, որովհետև ավագ բեմի աստիճանները երկու կողմանի են՝ հյուսիսից ու հարավից, չորս քար եկեղեցու չորս անկյուններից՝ դռների կողմից երկու քարե մոմակալ՝ աշտանակ, որ մեռոնաբերների մեծ մոմերը82 դնեն մեջը և վառեն, երեք ուրիշ քարեր բեմի սալարկի քարերից՝ ընդամենը տասնհինգ քար։ Այս քարերը քանդեցին, հանեցին Էջմիածնից, դրին կաշվի մեջ ու կարեցին, ապա պատրաստեցին զորական մարդիկ, որոնց գլխավորի անունն էր Նազի բեկ, և այն տեր Հովհաննեսին, որ Լուսավորչի աջի հետ ուղարկեցին աջին սպասավորելու համար. սա Սպահանից դարձել եկել էր․ սրան երկրորդ անգամ նշանակեցին քարերի հետ գնալ նրանց սպասավորության համար։ Ապա պատրաստեցին քարերը տանելու չափով սայլ, բարձին սայլերին, լծեցին գոմեշներ, քաշեցին տարան, մինչև որ հասցրին Սպահան քաղաքը։ Բայց քաղաք չմաքրեցին, այլ քաղաքից դուրս՝ Թոխչի դարպասի մոտ այլազգի մահմեդականների գյուղ կա, որի անունը Բաթուն են կոչում, քարերը հասցրին մինչև այս գյուղը, դրին գմբեթի մեջ, որ շինված էր գյուղին մոտիկ։ Երբ քարերը եկան, մոտեցան այն գյուղին, հայոց ազգից ովքեր որ բնակված էին Սպահան քաղաքում, քաղաքապետի հրամանով ելան քարերին ընդառաջ խաչով, ավետարանով, խունկերով, մոմերով, երգով ու երաժշտությամբ, մինչև որ բերին Բաթուն գյուղը, դրին գմբեթի մեջ։

Քարերը այնտեղ գմբեթի մեջ մնացին ոմանց ասելով երկու