տարի, ոմանց ասելով յոթ տարի, ոմանք էլ ավելի կամ պակաս ասացին։ Ապա Բաթուն գյուղի բնակիչները խնդրագիր ներկայացրին շահին, թե արքայից խնդրում ենք, որ հրաման տա Էջմիածնի քարերի վերաբերյալ՝ հանելու մեր գյուղից և տանելու այլ տեղ, որովհետև մեր գյուղի մարդիկ մեռնում են, իսկ հանդերը այլևս այնպես պտուղ չեն տալիս, ինչպես առաջ տալիս էին։ Այս պատճառով շահը հրամայեց, որ այնտեղից քարերը հանեն և տանեն ջուղայեցիների մեջ, որը և այդպես արին։ Քարերը բերելու ժամանակ, երբ մոտեցան Ջուղային [նոր Ջուղա], առաջվա պես բոլոր եկեղեցականներն ու աշխարհականները խաչով, ավետարանով, խունկերով ու մոմերով, հոգևոր երգերով բերին, դրին Խոջենց եկեղեցին, որտեղ մինչև այսօր մնում են։ Երբ այս քարերը հանվեցին Էջմիածնից և ճամփու դրվեցին Սպահան գնալու մեր թվականության 1063 (1614)-ն էր։ Եվ երբ հասավ Սպահան, տարին փոխվել էր, մտել 1064-ը։ Եվ այս տարին մենք եկանք Սպահան, քարերը մեր աչքերով տեսանք, հաշվեցինք, ապա գրեցինք։
Այդպես էլ զորականները Մելքիսեթ կաթողիկոսին բերին Սպահան քաղաքը․ նրան տանող էր նշանակված Թահմազղուլի խանը և նրանց ավագի անունն էր Թահմազղուլի բեկ։ Երբ Մելքիսեթ կաթողիկոսը հասավ Սպահան, շահը կարծում էր, թե նա բանտում կապանքներով արգելափակված է, բայց նա ազատ էր և Սպահան քաղաքում և նրա բոլոր շրջակա գավառներում բնակված հայազուն քրիստոնյաների վրա կաթողիկոսական իշխանություն էր բանեցնում։ Արդ՝ քարերի տանելու թվականը գտանք և գրեցինք, իսկ Լուսավորչի աջի ու Մելքիսեթ կաթողիկոսի տանելու [թվականը] չգտանք, որի պատճառով չգրեցինք. այս էլ այսպես։
Արդ՝ ինչպես կանխավ պատմեցինք Դավիթ կաթողիկոսի մասին, թե գնաց շահի պալատը և ամբաստանեց Մելքիսեթ կաթողիկոսին, իսկ շահը բարկացավ Մելքիսեթի վրա, գցեց