Եղեգնաձոր։ Չարքազ Իբրահիմը այդտեղ՝ արքունի բանակ բերեց Մելքիսեթ կաթողիկոսին և հայտնեց շահին։ Բայց շահը անտեսեց Մելքիսեթի դատաստանը, թողեց որ մնա կապանքներում, ինքը Վայոց ձորից շարժվեց գնաց Նախիջևան։
Մինչև այս ժամանակ, մինչև Մելքիսեթ կաթողիկոսի գալը Դավիթ կաթողիկոսը շահի բանակում էր։ Երբ Դավիթ կաթողիկոսը տեսավ, թե թողնելով անտես արեց Մելքիսեթին, որ մնա կապանքներում, իր հոգում հասկացավ, որ շատ օրեր կհետաձգվի այդ անտեսությունը, մտածեց հրաժարվել կաթողիկոսությունից և գնալ Սպահան. մոտենալով շահին՝ Սպահան գնալու հրաման խնդրեց, և շահը նրան հրաման տվեց։ Դավիթ կաթողիկոսը գնաց Սպահան և մնաց լռության մեջ, քանզի շահը նրան Չղախոռ գավառում, որին կոչում էին Ֆռընգիկան, իբրև միջոց նրա ապրուստի, մի գյուղ պարգևեց որպեսզի ուտի այն գյուղի եկամուտը և աղոթի թագավորի կյանքի համար։ Նա գնաց Սպահան և այդպես ապրում էր։ Իսկ Մելքիսեթ կաթողիկոսը մնաց արքունի բանակում շղթաների կապանքների մեջ։
Շահը Նախիջևանից շարժվեց, գնաց Ագուլիս գյուղաքաղաքը, այդ ժամանակ նահատակեց տեր Անդրեաս քահանային, Մովսես վարդապետին և Պողոս վարդապետին. այս [վերջին] երկուսին բռնեց, դրեց կապանքներում և նրանցից տուգանք պահանջեց, առավ երեք հարյուր թուման. նրանք տուգանքը տվին, ազատվեցին։
Արդ՝ ինչպես որ շահը բռնեց Մովսես և Պողոս վարդապետներին, առավ երեք հարյուր թումանը, սույնպես էլ Մելքիսեթ կաթողիկոսին բռնեց, պահանջում էր երեք հարյուր թուման տուգանք երեք հանցանքների համար։ Նախ՝ սրբուհի կույս Հռիփսիմեի նշխարների համար, որ Մելքիսեթի թույլտվությամբ ֆռանկները տարան․ շատերը ասում էին, թե առած կաշառքի համար Մելքիսեթը թույլ տվեց։ Երկրորդ՝ մեծ աքսորանքից ետ դառնալու համար, որ առանց շահի հրամանի վերադարձավ, եկավ Էջմիածին և վարում էր կաթողիկոսական իշխանությունը և այն էլ առանց շահի հրամանի։ Երրորդ՝ երբ շահը Մելքիսեթին կաթողիկոսությունից գցեց ուղարկեց Սպահան, շահը կարծում էր, թե նա կալանքի տակ է, բայց Մելքիսեթը ազատ լինելով վարում էր