կաթողիկոսության իշխանությունը և այս էլ առանց շահի հրամանի։ Այսքան հանցանքի համար շահը Մելքիսեթին բռնել էր և կամենում էր սպանել, իսկ Ամիրգունա խանի բարեխոսությամբ ներեց ու չսպանեց, բայց պահանջում էր երեք հարյուր թուման տուգանք, որի համար էլ երկաթյա կալանքներում կալանքի տակ էր պահում, որպեսզի այն տուգանքը վճարի և գնա որևէ տեղ մնա՝ առանձնանալով կաթողիկոսության իշխանությունից ։
Շահը Ագուլիսից ելնելով գնաց հասավ Դանղի. Սպահանից մինչև այստեղ կապանքի մեջ էր Մելքիսեթ կաթողիկիկոսը և այդպես արքայի բանակի հետ շրջում էր։ Այդ տեղում Մելքիսեթ կաթողիկոսը աղերսագիր գրեց, հասցրեց շահի ձեռքը և հայտնեց իր տառապանքների մասին, թե՝ այսպիսի չարչարանքի մեջ եմ, խնդրում եմ արքայից, որ անդորություն տա իմ տառապանքներին՝ կամ մահով և կամ կյանքով, իսկ շահը պատասխան էր տվել Սպանդիար բեկի միջոցով․ «Ոչ կսպանեմ, ոչ էլ կթողնեմ, այլ այդպես կապանքի տակ կպահեմ, մինչև մեռնի ու ազատվի, և կամ երեք հարյոր թուման դրամը տա, որ հրամայել եմ նրան, և ազատվի»։
Իսկ այդ ժամանակ խորհրդական և նշանավոր մարդիկ, որ արքայի արքունիքում էին՝ թե այլազգիներից, որ Սպանդիար բեկն էր, Ուղուրլու բեկը և էլի շատերը, թե քրիստոնյաների մեծամեծները, որ էր խոջա Նազարը, խոջա Սուլթանումը, Միրվելին, մելիք Հայկազնը և էլի շատերը, ասացին Մելիքսեթ կաթողիկոսին, թե անհնար է քո այս գործը, պետք է տաս և ազատվես սրա ձեռքից։
Արդ՝ այս գլխի պատմությունը հարյուր թուման տուգանքի մասին է. մինչև այստեղ պատմությունս միաշավիղ էր, որը առանց երկբայության գրեցինք, իսկ այսուհետև բաժանվում է երկու շավղի, և պատմությանս երկարությունը մեզ համար չարչարանք է ավելացնում։ Եվ որովհետև պատմության իսկությունը ոչ ոք չգիտի, հարկ համարեցինք երկուսն էլ գրել։ Քանզի ոմանք պատմողներից, մանավանդ շատերը, պատմեցին, թե Մելքիսեթ կաթողիկոսը՝ ոսոխ ունենալով Դավիթ կաթողիկոսին, սա մշտապես իր հակառակությունը