պակաս բավարարելուց և ծառաների հարկադրանքից գնացին տոկոսառու փոխատուների մոտ և մեծ տոկոսով նրանցից փոխատուների՝ ավելի շատ այլազգիներից, քան քրիստոնյաներից, քանզի քրիստոնյաները տալ չէին վստահում։
Եվ ներկայում այնպես եղավ, որ պարտքերը երկուստեք ավելացան. նախ՝ հարյուր թուման տուգանքից, որ չէին կարողանում տալ, ուստի մնաց տարուց տարի և հասավ մինչև վեց հարյուր թուման տուրքի և երկրորդ իրենց արած պարտքը, որ պարտատուներից առել էին ծառաների ու իրենց կարիքների համար։
Արդ՝ պարտքերի շատանալու, ուրիշների նեղություններից, որ կրում էր կաթողիկոսը, նաև չընդունվելով հայոց ազգից, մտածեց իր մեջ, որ իր վրայից վերցնի ուրիշի վրա դնի կաթողիկոս անունը, սրա հետ նաև պարտքերը. դրա համար ասաց Մովսես վարդապետին, որ այդ ժամանակ բնակվում էր Երևան քաղաքում սուրբ առաքյալ Անանիայի դամբարանի մոտ83, որ գտնվում է քաղաքի ծայրում: «Ահա հայոց ազգը մեծ ու փոքր երես դարձրին ինձնից, իսկ քեզ սիրում են և ընդունում, մանավանդ ես ծերացել եմ, իսկ արքունի հարկը պարտք դարձավ ու շատացավ իմ վրա: Արդ՝ տալիս եմ քեզ Էջմիածին Սուրբ աթոռն ու կաթողիկոսությունը, դու վարիր այսուհետև կաթողիկոսությունը, որպես դու ես արժան, իսկ ինձ տուր տարեցտարի ապրելու միջոց և վանքերիցդ մեկը, որպեսզի այնտեղ լուռ նստեմ ու վերջացնեմ իմ ծերությունը: Իսկ Մովսես վարդապետը հանձն չի առել, այլ հրաժարվելով հրաժարվել է։
Մելքիսեթ կաթողիկոսը ուներ Սահակ անունով մի եղբորորդի, որ նրա կողմից եպիսկոպոս էր ձեռնադրված և ծառայում էր նրան։ Սա խոսք էր հասցնում Մելքիսեթ կաթողիկոսին, թե այդ կաթողիկոսությունը քեզ է պատկանում, եթե վարես, շատ լավ է, իսկ եթե դու չես վարում, ինչո՞ւ ես ուրիշներին շնորհում և ոչ թե ինձ, որ ժառանգ եմ և քո որդին եմ: Այս մտքով նաև իրենց բարեկամներն էին հորդորել կաթողիկոսին։ Իսկ Մելքիսեթ կաթողիկոսին հաճելի եղան Սահակի ու բարեկամների խոսքերը։ Իրենց բարեկամների հավանությամբ ու միաբանությամբ Մելքիսեթ կաթողիկոսը Սահակին տարել է Էջմիածին և հրեշտակապետների կիրակի օրը