Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վճարման ծախսերը, սակայն չէր լինում, որովհետև ոչ թե աստուծով, այլ մարդկային խելքով էին մտորում գործ անել, դրա համար չէր կատարվում ըստ Սաղմոսի վկայության․ «Եթե տերը չի շինում, նրա շինողները դատարկ չարչարանքի մեջ են»։[1]

Բայց կաթողիկոսը չէր թուլանում ու չէր դադարում շրջագայությունից, որ գուցե վճարի խոստացածը։ Սրա համար Սպահանից ելավ, գնաց Ֆահրապատ, այնտեղից Նախիջևան, այնտեղից դարձյալ Սպահան: Ապա բազմաթիվ նեղությունների պատճառով, որ ծառաները տալիս էին կաթողիկոսին և պահանջում էին նրանից դրամը կաթողիկոսը աղերսագրով հայտնել էր շահին իր նեղությունները, բայց շահը անտես էր արել կաթողիկոսի խոսքը, որի համար մնացել էր անել կացության մեջ։ Ապա գնացել, ընկել էր շահի գոմը և շահին կաթողիկոսը իմացրել էր, թե ութ հարյուր թուման տվել եմ, բայց այլևս ուժ չունեմ տալու։ Իսկ շահը ասել էր, թե ես այդ հարյուր թուման տուգանքից մեկ կոպեկ չեմ զիջի, եթե նույնիսկ մեկ այրի պառավ մնացած լինի երկրում, ես կառնեմ։ Ապա Մելքիսեթը ելավ Սպահանից եկավ Երևան և Էջմիածին, շահի ծառաները նույնպես եկան կաթողիկոսի հետ և պահանջում էին իրենց ռոճիկը, որ շահը պարտագրել էր կաթողիկոսի վրա նրանց տալու հարյուր թուման տուգանքի հաշվին։ Կաթողիկոսն ուր էլ որ շրջում էր, նրա հետ շրջում էին նաև ծառաները, և ծանր բեռ էին դառնում ժողովրդի վրա իրենց անհրաժեշտ կարիքներով և անխնա շռայլությամբ ցնցխում էին ժողովրդի ունեցվածքը, իսկ այս նեղությունը խիստ ծանր էր ժողովրդի համար, որովհետև ծառաները իրենց կենցաղավարությունը զեխությամբ ու շռայլությամբ էին անցկացնում: Այս պատճառով բոլորը ձանձրացան, սրտով լքեցին կաթողիկոսին և յուրայիններին, հեռացան նրանցից։ Եվ այնուհետև իրավունքով ու կանոնավոր կարգով չէին պահանջում, այլ այլազգիների իշխանությամբ և իբրև կապալավոր հարկատու բռնանում էին ժողովրդի վրա, առանց իրավունքի կեղեքում, կողոպտում էին ժողովրդին։ Եվ թեպետ կեղեքելով էին առնում, թեպետ իրավունքով, սակայն իրենց ծախքերին չէր բավականանում, դրա համար պահանջների

  1. Սաղմ․ ՃԻԶ 1