Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ պատերազմում ստացել էր վրացիներից։ Այս պատճառով Թահմազղուլի խանին ուղարկեցին Երևան, որպեսզի տիրի երկրին։ Թահմազղուլի խանի գնալուց հետո Սահակը եկավ Սուլթանիա․ երբ Թահմազղուլի խանին չգտավ, նրա ծառաներին հարցրեց և խնդրեց հրամանը, նրանք ասացին, որ չգիտեն։

Երբ Սահակ կաթողիկոսի ճարը կտրվեց հրամանի վերաբերյալ, նեղությունից հարկադրված ինչ-որ հնարով նորից խնդրագիր տվեց շահին, թե հիվանդացա, հրամանագիրը կորավ։ Շահը ասել է, թե գնա Դիվան բեկի մոտ, իսկ Դիվան բեկը աչքածակության պատճառով Սահակին կոպիտ էր պատասխանել, մինչև որ իր աչքածակությունը բավարարել էր։ Ապա գրել էր նոր հրաման, բայց չէր կնքել։ Մինչդեռ վիճակը այսպիսին էր, թագավորը դարձյալ վեր կացավ, գնաց Բաղդադ, հետևից գնաց նաև Սահակը։ Եվ երբ մեծամեծները չէին կատարում Սահակի խնդրանքը, հարկ եղավ մի անգամ ևս խնդրագիր տալ շահին։ Երբ թագավորը տեսավ խնդրագիրը, ասաց. «Վաղօրոք քեզ կաթողիկոսություն և հրաման եմ տվել»։ Սահակն ասաց․ «Այո, թագավոր, տվել ես, բայց հրամանը չեն կատարում, քանզի նրանք շատ ինչք են պահանջում, բայց ես տալու կարողություն չունեմ, սրա համար նրանք հրաժարվում են կնքել և գրանցել»։ Այդ ժամանակ շահը իր առջև կանչեց մի փայտակիր [փայտ բռնող] ծառա87 և ասաց․ «Այսօր հրամանի ամեն գործ ու որպիսություն պետք է կատարես և վաղը տաս իրեն»։ Իսկ զինվորը թագավորի հրամանի համաձայն գրության ամեն որպիսությունը հոգաց և հրամանը տվեց Սահակ կաթողիկոսին։ Սահակը առավ գրությունը, եկավ Սպահան ջուղայեցիների մոտ։ Բայց ջուղայեցիք նրան չընդունեցին, ոչ միայն նվիրակ չտվին, այլև նրան հարևանցի պատիվ ևս չարին։

Այդ ժամանակ Դավիթ կաթողիկոսը Սպահանում էր․ ջուղայեցիները նրան ասացին, թե՝ «Մենք չենք կամենում, որ սա լինի կաթողիկոս, այլ քեզ ենք ցանկանում, դու գնա շահի պալատ և ստանձնիր կաթողիկոսական իշխանությունը, ինչ ծախս որ լինի, քեզ ընկերակից ենք»։ Երբ Դավիթ կաթողիկոսը համաձայնեց այս խորհրդին և պատրաստվեց գնալ Բաղդադ