Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լսեց, թե շահը գնաց Ֆահրապատ, իր հետ վերցրեց սպիտակեցրած մոմերը և սովորեցրած ծառաներին, գնաց Ֆահրապատ և մատուցեց թագավորին։ Երբ թագավորը սպիտակեցրած մոմերը շատ պայծառ և ուրախալի տեսավ, այլև թափելը ավելի հարմար, շատ հաճեց ու հավանեց, նաև ծառաների սովորելու համար առավել ուրախացած, զվարթացած խնդում էր:

Քիչ օրեր հետո վրա էին հասնում մեր Քրիստոս աստծու հայտնության մեծ տոնի օրերը։ Այս օրերում ջուղայեցի խոջա Նազարը նույնպես Ֆահրապատում էր։ Շահը խոջա Նազարին հրամայեց, թե պատվիրիր վարդապետին ավելի լավ հոգացողությամբ պատրաստություն տեսնել ջրօրհնեքի համար, որ հանդիսավոր լինի։ Տոնի օրը, երբ վարդապետ Մովսեսը եկել էր գետի ափը ջուրը օրհնելու, զարդերի գեղեցիկ հարմարեցումը, կարգ ու կանոնավոր երթը, եկեղեցական սպասավորների կանգնելը շատ հաճելի ու հավանելի էին եղել արքային և խանդաղատանքով էր լցվել Մովսեսի հանդեպ։ Մենք այս ճանաչում ենք իբրև ամենակալ աստծու արած խնամք, որ բոլոր թագավորների սիրտը իր ձեռքում է պահում, և ոչ թե Մովսեսի հաճոյացուցիչ արարքը։ Բայց և խոջա Նազարը շատ բարի խոսքեր էր ասել շահին Մովսես վարդապետի վերաբերյալ։ Իսկ շահը հարցրել էր խոջա Նազարին, թե՝ «Վարդապետը իր սրտում ի՞նչ խնդրանք ունի, որ կատարենք, ոսկի, արծաթ կամ այլ ինչ, որը որ կամենա»: Իսկ վարդապետը ոչ մի իր չէր հաճել, «որովհետև իմ տերը օրըստօրե իմ կարիքները հոգում է»։

Օրեր հետո խոջա Նազարը ասաց արքային, «Եթե Էջմիածնի լուսարարությունը շնորհես սրան, շատ լավ կանես, քանզի ինքն էլ այդ է խնդրում»։ Եվ աստծու խնամքով թագավորը շնորհեց այդ խնդրանքը, նաև հրաման էր գրել, տվել էր Մովսես վարդապետին, իսկ Մովսես վարդապետը ելավ Ֆահրապատից, գնաց Էջմիածին։

Իսկ Սահակ կաթողիկոսը մինչդեռ Սպահանում էր, լսեց, թե Մովսես վարդապետը ստանձնել է Էջմիածնի լուսարարությունը, Սահակը ելավ եկավ Ֆահրապատ թագավորի արքունիքը այս գործի պատճառով։ Երբ մտավ բեկի դիվանը, նրան հայտնեց իր վտանգավոր վիճակը և ասաց, թե փորձանք եք