Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու ճարահատ մնացած, իսկ իր հուսադրող բարեկամները չկարողացան նրան օգնել, այս պատճառով հաստատ մտադրվեց, որ մի հնարքով պոկվի, փախչի։

Այդ օրերին եկավ, վրա հասավ տիրոջ հայտնության տոնը [զատիկը], որն ամեն տարի Մովսես վարդապետը մեծախումբ հանդեսով և հրաշալի փառավորությամբ անում էր։ Բոլորը Երևան քաղաքում էին՝ Մովսես վարդապետը, Սահակ կաթողիկոսը և շահի ծառաները։ Սահակը գնաց, ծառաներին ասաց, թե՝ «Խանը հրամայել է ջրօրհնեքի տոնը բազմազան ու մեծահանդես անել, դրա համար Մովսես վարդապետը ինձ ասաց, դու գնա Էջմիածին և բոլոր թանկագին ու հին անոթները, որ դուք պահել եք թաքստոցում, բերեք այստեղ, որպեսզի տոնը անենք»։ Այս ասելով՝ նրանց համաձայնեցրեց, որ իրեն թույլ տան գնա, իսկ նրանք հավատացին նրան ու թողին։

Իսկ Սահակը քանի որ թանկագին ձի ուներ, որր շահը նրան պարգև էր թողել, հեծավ, բռնեց Էջմիածնի ճանապարհը, իբրև թե գնալու է Էջմիածին անոթները բերելու։ Կես ճանապարն հասնելով՝ փոխեց զգեստները զորականի հագուստների և ձիու սանձը շուռ տալով՝ դիմեց դեպի Նախիջևան քաղաք և նրա սահմանները: Իսկ երբ մտրակեց, օդասլաց, քաջազոր ու բարձրապարանոց ձին ոչ թե գետնի վրայով, այլ երկնքով, ամպերի թևերով շեշտակի առավ բերեց Նախիջևանի գավառի սահմանները: Եկավ Ղարաշամբ գյուղի նավակայանը, նավով անցավ Արաքս գետը, գնաց Չորս, որտեղից Խոյ, այնտեղից էլ Վան քաղաքը։ Եվ այս կերպ Սահակ կաթողիկոսը ճողոպրելով փրկվեց ծառաների ձեռքից և գնաց օսմանցիների երկրի բաժնեմասը։

Սրանից հետո, երբ շահի ծառաները իմացան Սահակի փախուստը, եկան Մովսես վարդապետի մոտ, թե դու ես Սահակին Էջմիածին ուղարկել անոթների համար: Իսկ Մովսեսն ասաց. «Ես Սահակին ոչ տեսել եմ, ոչ էլ ուղարկել, այլ նա այդ խոսքով ձեզ խաբել ու փախել է»։ Իսկ ծառաները թեպետ շատ ձևերով դես ու դեն ընկան, երբեմն խանի մոտ