գնալով, երբեմն շեյխի, երբեմն դատավորի և երբեմն էլ Մովսես վարդապետի, ոչինչ չկարողացան կոտրել Մովսես վարդապետի վրա, այլ ամեն կողմից վհատված, բոլոր ծառաները վերադարձան, գնացին իրենց տեղերը: Այս էլ այսպես։
Սահակ կաթողիկոսի օսմանցի տերության երկիրը փախչելուց հետո պարսից թագավոր Շահ-Աբասը մեռավ, որը հարյուր թուման տուգանքը դրել էր կաթողիկոսների վրա: Շահ-Աբասի փոխարեն թագավոր դարձավ նրա թոռ Շահսեֆին:
Իսկ ողջ հայոց ազգը՝ արևելցիները և արևմուտքցիները, մշտապես հեծում էր, երկնում, հոգոց հանում հարյուր թուման տուգանքի համար, որ անտեղի դրվեց աթոռի վրա, անմխիթար սուգ ու անփարատ տրտմություն էր պատել բոլորին. միահամուռ տրտմությամբ համակված տարակուսանքի մեջ էին, և որքան մտածում էին, չէին կարողանում գտնել, թե ինչ հնարքով վերցնեն այսպիսի ծանր ու հաստ լուծը աթոռի պարանոցից։ Եվ աստծու խնամքով այդ ժամանակ, երը թագավոր դարձավ Շահսեֆին, գտան։ Քանզի նոր թագավոր էր ու հասակով մանուկ, իսկ բոլոր նախարարներն ու իշխանները, որոնք նրա արքունիքում էին, ճանաչում էին քրիստոնյաների երևելի մարդկանց, մանավանդ խոջա Նազարին, որը բոլորից ավելի նախապատիվ էր։ Այս խոջա Նաղարը Սպահանից գրում է Մովսես վարդապետին և սուրհանդակի միջոցով հասցնում է նրան, որ այն ժամանակ Սուրբ Էջմիածնում էր, շտապ գալ արքայի պալատ, որպեսզի գուցե միջոց գտնեն վերացնելու հարյուր թուման տուգանքը։
Այդ ժամանակ Մովսես վարդապետը աճապարեց, հասավ Սպահան և խոջա Նազարի միջնորդությամբ, շատ դրամ ծախսելով ու մեծ ջանքով հազիվ կարողացավ վերացնել հարյուր թուման տուգանքը, որ իբրև ծանր բեռ ընկավ կաթողիկոսարանի վրա։ Շահսեֆին հրամայեց և թուղթ տվեց, թե հարյուր թուման տուգանքը զիջեցի։