խաղաղությունից, բայց Սահակ կաթողիկոսը չհաճեց և ետ չկանգնեց իր չար դիտավորություններից, մտքերից, այլ գնաց վեզիրի պալատը իր սրտի խորհուրդը կատարելու։
Մինչ Սահակ կաթողիկոսը շրջում էր օսմանցիների իշխանության տակ գտնվող հայերի մեջ՝ այստեղ-այնտեղ, երկրներ ու քաղաքներ, վարդապետներից, եպիսկոպոսներից որոշ մարդիկ գտավ իր խորհուրդներին կամակից, որոնցից մեկն էր Պողոս անունով ոմն վարդապետ, որ Սսի88 կաթողիկոսարանից էր՝ Սսի Հովհաննես կաթողիկոսի եղբորորդին։ Թեև շատերը կային չար խորհրդին համախոհ, բայց չար գործը կատարողները սրանք երկուսն էին՝ Սահակ կաթողիկոսն ու Պողոս վարդապետը։
Եվ Պողոս վարդապետը գնաց մեծ քաղաք Կոստանդնուպոլիս Զաքարիա վարդապետի մոտ, որ Վասպուրական երկրից էր և այդ ժամանակ Կոստանդուպոլսում ապրող հայ ժողովդի առաջնորդն էր, որ պատրիարքության անունով, թագավորական հրամանագրով ու հրամանով Կոստանդնուպոլսում նստած էր իբրև առաջնորդ։ Սա Մովսես կաթողիկոսին խիստ հակառակ էր, իսկ Սահակ կաթողիկոսին ձեռք մեկնող ու օգնական։ Այս պատճառով խնդրագիր գրեց և ներկայացրեց սուլթան Մուրադին, որ այդ օրերում Կոստանդնուպոլսում էր. «Մեր՝ հայ քրիստոնյաներիս խնդրանքը թագավորից այն է, որ Սահակ կաթողիկոսին շնորհի կաթողիկոսության հրաման, որպեսզի մեր օրենքով հովվի այն քրիստոնյաներին, որ ազգով հայ են և որ գտնվում են օսմանցիների ինքնակալ թագավորությանդ իշխանության ներքո»։ Եվ թագավորը հրաման ու թուղթ տվեց Սահակի կաթողիկոսությանը, ինչպես որ խնդրեց Զաքարիա վարդապետը։ Իշխանության այս թուղթը Զաքարիա վարդապետը հանձնեց Պողոս վարդապետին և ուղարկեց Սահակ կաթողիկոսի մոտ և պատվիրեց՝ չթուլանալ և ետ չկանգնել չար դիտավորություններից, այլ ջանալ և աշխատել մինչև վերջ: Եվ այն ժամանակ, երբ Զաքարիա վարդապետը այս թուղթը պոկեց թագավորից, այնտեղ թագավորի մոտ չէր թագավորի մեծ վեզիր Խոսրով փաշան՝ մի շատ խելոք և խրոխտ իշխան։ Վեզիրը բնավ տեղյակ էր այս գործից։ Ինչպես ամենքին հայտնի է, օսմանցիները կարգ ու դրվածք ունեն, որ ազգերի, ցեղերի, իշխանների,