Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետերի, կողմնապետերի, կուսակալների բոլոր գործերը վեզիրն է հոգում, տալիս է և առնում, որի համար էլ նշանակված է։ Բայց սրանք զանց արին վեզիրին և, թագավորի մոտ գնալով, կաթողիկոսության հրամանը ձեռք բերին։ Այդ թղթով Սահակ կաթողիկոսն ու Պողոս վարդապետը գնացին Տիգրանակերտ քաղաքը, որ Ամիդն է, մեծ վեզիր Խոսրով փաշայի մոտ, որպեսզի նրանից էլ կաթողիկուսության հրաման ու թուղթ առնեն։

Իսկ Ամիդ քաղաքում բնակվող հայազգի բարեմիտ քրիստոնյաները, որոնցից էին խոջա Երեմիան, խոջա Մախսուղը, վանեցի խոջա Ռոհիջանը, որ այս վեզիրի մուշտակագործների պետը, հավատարիմն ու նրա առջևի հավատարիմ ու հաճելի սպասավորն էր, նաև Բարսեղ վարդապետը, որ նույն քաղաքի առաջնորդն էր և Սուրբ Էջմիածնի և Մովսես կաթողիկոսի բարեկամը, քանզի սա էլ Սրապիոն կաթողիկոսի աշակերտներից էր, որի մասին հիշատակեցինք Սրապիոնի մասին գլխում, և այլ շատ հարուստներ ու վարդապետներ հավաքեցին Ամիդ քաղաքում Սուրբ Էջմիածնի կողմից և ջանացին խափանել Սահակ կաթողիկոսի չար դիտավորությունը։

Որովհետև Սահակ կաթողիկոսը և իր բոլոր համախոհները իրենց մեջ սահմանել էին, թե Սահակ կաթողիկոսը վեզիրից առնի կաթողիկոսական իշխանությունը, գնա Մշո Սուրբ Կարապետ իր աթոռը հաստատելով այնտեղ նստի և այնտեղ օրհնի մեռոն և այնտեղից ուղարկելով բաժանի այն հայերի մեջ, որոնք գտնվում են օսմանցիների իշխանության ներքո, և Սուրբ Էջմիածնի վաղեմի սահմանված թեմն ու վիճակը շորթի իրեն, թագավորական իշխանության բռնի ուժի միջոցով գցի իր իշխանության տակ, խափանի Սուրբ աթոռ Էջմիածնի նվիրակությունն ու իշխանությունը։

Իսկ բոլոր քրիստոնյաները՝ եկեղեցականներ, թե աշխարհականներ, շատ օրեր գնում էին Սահակ կաթողիկոսի մոտ աղաչում էին ու խնդրում, թե հայոց տառապյալ ազգը մի գցիր այլազգի բռնավորների և մարդադեմ գազանների բերանը: Սահակ կաթողիկոսին խոստացան, թե քաղաքներից կամ վանքերից, որն էլ կամենա, իրեն լինի թեմերով ու վիճակներով, քանի կենդանի է ինքը. և Էջմիածնի նվիրակ չի մտնի այնտեղ, այլև սրա հետ միշտ և ամեն տարի Էջմիածնում