Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրաման ստացանք և այժմ քեզնից էլ ենք խնդրում»։ Վեզիրը Սահակին հարցրեց, թե «Իրո՞ք թագավորից կաթողիկոսության թուղթ եք ստացել»։ Նա ասաց. «Այո, մոտեցանք թագավորին և հրամանն ստացանք»։ Վեզիրն ասաց. «Դուք ո՞ր օրը հայտնեցիք ձեր որպիսությունը, իսկ մենք անտես արինք ու չկատարեցինք ձեր խնդրանքը, որ մեզ զանց արիք, գնացիք թագավորի մոտ նրա գլուխը տանելու»։ Նույն ժամին վեզիրը հրամայեց իր մոտ գտնվող սպասավորներին ու դահիճներին՝ Սահակ կաթողիկոսին ու Պողոս վարդապետին դնել գելարան և բրածեծել. այնքան ծեծել, մինչև կամ իրենց հավատից դառնան մահմեդի անօրեն կրոնին, կամ փայտի տակ մեռնեն։ Իսկ վեզիրի սպասավորները անմիջապես հրամանը կատարեցին։ Սահակ կաթողիկոսին ու Պողոս վարդապետին դրին գելարան և երկու կողմից կանգնած մարդիկ հաստ բրերով սկսեցին անողորմ ծեծել։ Միշտ ծեծում ու միշտ ասում էին. «Այժմ դարձեք ձեր մոլար հավատից և ընդունեցեք մեր ճշմարիտ հավատը, կազատվեք տանջանքներից ու դառը մահվանից, իսկ թե ոչ, չենք դադարի ծեծելուց մինչև ձեր մահը»։

Եվ երբ Սահակ կաթողիկոսն ու Պողոս վարդապետը մատնվեցին ծեծի հարվածներին, իսկ զինվորները անխղճորեն և ուժգին ծեծում՝ էին, որ գուցե տանջանքների ցավից դառնան իրենց հավատից, այդ ժամանակ խոջա Երեմիան և իր ընկերները [մտածեցին] որ մի գուցե չկարողանան դիմանալ տանջանքներին, դառնան հավատից և դա դառնա նրանց համար խղճի տանջանք և հայոց ազգին մեծ ամոթ ու նախատինք, անմիջապես նույն խոջաները այստեղ-այնտեղ գնացին վեզիրի վերադաս իշխանների մոտ և խոստացան նրանց շատ փող, որպեսզի բարեխոսեն վեզիրի առջև Սահակ կաթողիկոսի և Պողոս վարդապետի փրկության համար։ Իշխանները ըստ պատշաճի բարեխոսեցին վեզիրի առջև, որով իջավ վեզիրի բարկությունը, և հրամայեց արձակել տանջանքներից և դիվանի դռնից հեռացնել։ Զինվորները արձակելուց հետո ծեծելով ու թակելով նրանց գլուխները՝ հանդեսից արտաքսեցին։

Երբ այսպես վերջացավ Սահակ կաթողիկոսի և Պետրոս վարդապետի գործը, նրանց վրա իջավ ամոթ ու պատկառանք, գլուխները կախ գցեցին, այլևս չէին կարողանում նայել քրիտոնյաների