Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո խնդրագիրը ներկայացնող մարդկանց պատասխանել է. «Անխելք հայեր, ինչպես նրանց չտամ կաթողիկոսությունը, քանի որ նրանք տարեկան տասը հազար ղուռուշ են ավելացնում թագավորի գանձարանին»։ Իսկ խոջա Ռուհիջանը, որ իր հավատարմության շնորհիվ համարձակություն ուներ վեզիրի առջև, վեզիրին ասաց. «Փառավոր տեր իմ, եթե հայոց խեղճ ու տառապյալ ժողովուրդը դրամի համար վաճառում ես նրանց, ինձ վաճառիր, իսկ ես ոչ թե տասը հազար ղուռուշ, այլ քսան հազար ղուռուշ կտամ»։

Եվ ամենաթագավոր աստված, որ ըստ Սողոմոնի ձեռքում է պահում բոլոր թագավորների ու իշխանների սրտերը, Ռուհիջանի խոսքի վրա բացեց վեզիրի մտքի տեսողությունը. նա կրկին հարցում արեց, իսկ խոջա Ռուհիջանը ամեն ինչ, որ պատշաճ էր հաղորդելու, այնտեղ ասաց վեզիրի սիրտը քեն գցելու համար, այն ևս հիշեցրեց նրան, թե օսմանական ազգի բոլոր պետերը և իշխանները, կողմնակալներն ու կուսակալները խոնարհվում են քո իշխանության առաջ, քեզ մոտ են գալիս պատիվ ու իշխանություն խնդրելու և առնելու, իսկ սրանք քեզ զանց անելով գնացել են թագավորի մոտ կաթողիկոսական իշխանություն են ստացել: Ամբողջ խոսակցությունը ավարտվելուց հետո, խոջաները վեզիրի կողմից արձակվեցին և հեռացան։

Եվ այն օրը, երբ վեզիրը բազմախումբ հանդեսով ատյան նստեց դատ անելու, Յաղուբ փաշան, որ Սահակ կաթողիկոսի գործի միջնորդն ու կարգավորողն էր, Սահակ կաթողիկոսին ու Պողոս վարդապետին հանդես բերեց և ներկայացրեց վեզիրին։

Նույն հանդեսին եկան նաև այն մարդիկ, որ Էջմիածնի կողմից էին. դրանք շատ էին, որոնց գլխավորներն էին խոջա Երեմիան, խոջա Մախսուդը, խոջա Ռուհիջանը և Բարսեղ վարդապետը։ Վեզիրը սկսեց խոսել դիմելով Սահակ կաթողիկոսին ու Պողոս վարդապետին, ասաց. «Ի՞նչ է ձեր ցանկությունը, ով մարդիկ, որ դեգերում եք իշխանության դռները»։ Սահակը պատասխանեց. «այն, ինչ խնդրագրով ներկայացրինք մեր տիրոջը»։ Վեզիրը հրամայեց խնդրագիրը կարդալ, որի մեջ դրված էր, թե՝ «Թագավորից կաթողիկոսության