Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խնդրանքի, նրա վրա կատարելով թաղման կարգը՝ տարան թաղեցին սուրբ շիրիմների մոտ։

Արդ՝ Սահակ կաթողիկոսի և Պողոս վարդապետի վերջը այսպես եղավ, որոնց տեր Քրիստոսը ողորմելով թող ների իր անսահման մարդասիրությամբ, ամեն:


ԳԼՈՒԽ ԻԱ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԲԱՐԵԳՈՐԾ ՄԱՐԴԿԱՆՑ՝ ՍԱՐԳԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԵՎ ՏԵՐ ԿԻՐԱԿՈՍԻ, ՈՐՈՆՔ ԵՂԱՆ ԱՆԱՊԱՏՆԵՐ ՇԻՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՂՆԵՐ ԴՐԱՆՈՎ ԷԼ ՊԱՏՃԱՌ ԴԱՐՁԱՆ ՎԱՆՔԵՐԻ, ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՐԱՆՑ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ

Այս Սարգիս եպիսկոպոսը Արարատյան երկրից էր, Ամբերդի89 գավառից, որ Արագածոտն է, այն գյուղից, որ կոչվում է Հարենի մերձ Կարբի90 գյուղին, իսկ այժմ ավերակ է ու անմարդաբնակ, բայց մեր հայրերի ժամանակ այս Հարենի գյուղը շեն էր, որտեղից էր հիշյալ Սարգիս եպիսկոպոսը։ Սա եկավ բնակվեց Սաղմոսավանքի91 մեծափառ միաբանության մեջ, ելավ սպասավոր բազմաժողով սրբություններին, որ կան այնտեղ և որոշ տարիներ անց դարձավ նույն վանքի առաջնորդ։

Բայց այս վանքին մոտիկ կար մի փոքրիկ գյուղ, որտեղից մի քրիստոնյա [հայ] մարդ որսորդ լինելով օրեր շարունակ շրջում էր լեռները՝ որսալու վայրի երեներ։ Այնպես եղավ, որ այս մարդը օրերից մի օր որսի համար գնաց Արագած մեծ լեռը։ Լեռան գագաթին շրջելիս հանդիպեց ոմն ճգնավորի, որ քարերի խոռոչում նստած էր ծնկած՝ գլխին ունենալով վեղար, վրան՝ փիլոն: Մոտ եկավ, որ ստույգ տեսնի, թե ինչ է այն, տեսավ, որ իրոք մարդ էր. մեռած էր և այդպես նստած, բայց մարմինն անապական։ Այս տեսիլքից սույն որսորդ մարդու սիրտը երկյուղ ու սոսկում ընկավ։ Այլևս չկարողացավ մնալ այդ տեղում, այլ դառալով եկավ իր տունը։ Գալով Սաղմոսավանք՝ ամենքին պատմեց ճգնավորի հանգումի մասին, որ հանդիպեց նրան լեռան կատարին։ Երբ Սարգիս եպիսկոսպոսը լսեց, ստուգելով վերահասու եղավ, թե որտեղ է: