Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի օր Սարգիս եպիսկոպոսը իրեն հանձնելով աստծուն, հուսալով աստծու առաջնորդության վրա, ելավ գնաց Արագած լեռը և այստեղ-այնտեղ երեք օր շրջելով գտավ վախճանված ճգնավորին և մեծ փափագով ու ջերմեռանդ սիրով համբուրում էր նրա ձեռքերն ու ոտքերը։ Շատ արտասուք թափելուց հետո նրան ամփոփելով թաղեց նույն հագուստով, վերադարձավ, եկավ վանքը։

Սարգիս եպիսկոպոսի զղջումի և աշխարհից հրաժարվելու պատճառը սա եղավ. նրա սրտի ցանկություններին տաղտկալի թվաց այս աշխարհի ստապատիր, դատարկ, խենեշ ու խաբուսիկ վայելչությունը։ Այն օրից և հետագայում Սարգիս եպիսկոպոսը ձգտում էր հեռանալ աշխարհից և հետևել առաքինական վարքի լուսաշավիղ երկնագնաց ճանապարհին։ Բայց այն ժամանակ անապատ կամ կրոնական վարքի կարգերը իմացող չկար, վրա եկող բազմաթիվ ավազակների, թշնամիների և հայոց աշխարհի վերիվայրումների, ավերանքների պատճառով։ Ամենևին բնաջնջվել էին և վերացել առաքինի գործերի և բարի կարգերի նշույլն ու նշմարանքը հայոց աշխարհից։ Եվ մինչդեռ Սարգիս եպիսկոպոսը այս վարանումի մեջ էր, մտադրվեց գնալ սուրբ քաղաք Երուսաղեմ երկրպագության մեր Քրիստոս աստծու մարդեղության. և ելավ, գնաց Երուսաղեմ։

Սույն ժամանակ գտնվեց ևս մի մարդ տեր Կիրակոս անունով, որ կամքով ու հոժարությամբ նման էր Սարգիս եպիսկոպոսին։ Այս տեր Կիրակոսը Տրապիզոն քաղաքից էր։ Սա մտավ աշխարհիկ կարգ, բայց չվայելեց, որովհետև քիչ օրեր անց վախճանվեց նրա կինը, իսկ ինքը մնաց որպես ողջախոհ տատրակ և միշտ մտածում էր աստծու պատվիրանների մասին և անձանձիր կարդում էր աստվածային գրքերը [Աստվածաշունչը], մտքում պահում նրանց պատգամները և ջանքով ու աշխատանքով իրեն վարժում էր ըստ Աստվածաշնչի պատգամների ապրել։

Այս նույն ժամանակ նման մտքերով տարված տեր Կիրակոսը ոմանցից լսեց Սարգիս եպիսկոպոսի մասին, թե նա ևս զղջացել է աշխարհիկ կյանքի համար, կամենում է հրաժարվել և հետևել առաքինի կյանքի։ Սրա համար տեր Կիրակոսը