Էջ:Arakel of Tabriz, History.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղան նրանց միաբան և տեղի բնակիչներ, ոչ միայն աշխարհական և աննշան մարդիկ, այլև եկեղեցականներ ու անվանի մարդիկ, վարդապետներ, եպիսկոպոսներ և քահանաներ։ Դրանցից էին Պողոս վարդապետ Մոկացին և Մովսես վարդապետ Սյունեցին, որ հետո եղավ կաթողիկոս, այս երկուսի պատմությունները և (գործերը) արդյունքները մի այլ գլխում երկար պատմելու ենք։ Նաև Ներսես վարդապետ Մոկացին, որ հետո գնաց Լիմ96 կղզին և այնտեղ անապատ շինեց։ Նաև Տաթևի եպիսկոպոսը, որ հետո եղավ վարդապետ գնաց Շամախու գավառը այդ կողմերի ժողովրդին հովվելու և առաջնորդելու։ Եվ Կարապետ եպիսկոպոս Էջմիածնեցին, որ հետո գնաց Սևան կղզին, այնտեղ անապատ շինեց, որ մինչև այսօր հաստատուն գոյություն ունի, նաև շամբեցի97 Արիստակես վարդապետը, որ հետո եղավ առաջնորդ նույն մեծ անապատի ու այնտեղ մնաց մինչև իր կյանքի վերջը, այնտեղ էլ թաղվեց։ Մյուս տեր Արիստակեսը, որ Բարկաշատ98 գավառից էր, հետո գնաց Տանձափարախ98 անվանված վայրը, այստեղ շինեց անապատ և մնաց մինչև իր կյանքի վերջը ու այնտեղ թաղվեց. անապատը կա հաստատուն մինչև այսօր։ Դավիթ եպիսկոպոսը, որ Շամքորի99 ձորից էր՝ իշխանական տոհմից, որին Ղարամանենց են կոչում․ սա ևս եկավ մնաց այս մեծ անապատում, ապա ելավ գնաց Շամքորի ձորը և այնտեղ շինեց անապատ, որ կոչում են Չարեքագետի անապատ, որ բազմահավաք միաբանների բնակություն է և շատ հաստատուն անապատի ամեն կարգերով ու դրվածքով մինչև այսօր. ինքը Դավիթ եպիսկոպոսը այնտեղ վախճանվեց ու այնտեղ թաղվեց։ Նաև ուրիշ բազում շատերը, որոնք այնտեղ մնացին և հանգյան ի տեր։ Ւսկ ովքեր այլ տեղեր գնացին, շինեցին անապատներ ու վանքեր։

Քանզի իբրև մայր Սիոն, որի մասին Եսայի մարգարեն ասում էր, թե՝ «օրենքները Սիոնից100 են դուրս գալիս, իսկ տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից», սրանք երկուսն էլ եղան այս անապատի սկզբնավորողները, իսկ այս անապատը եղավ բոլոր անապատների մայր ու ծնող և հայ ազգիս լուսավորության առիթ։

Որովհետև, ինչպես ասացի, Մոկացի Ներսես վարդապետը այստեղ վարժվելով սովորեց կրոնավորական վարքը և