Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց գրքերի շավիղներին, գրքերով լուսավորվեցին նրանք և լուսավորեցին մերձակայքը, նաև մեր հայոց ազգը։ Քանզի մինչև այս պահը տգիտությամբ խոպանացել ու կորդացել էր մեր հայոց ազգը, ոչ միայն չէին կարդում, այլև գրքեր չէին ճանաչում և չգիտեին գրքերի ուժն ու զորութունը, որովհետև մարդկանց աչքում գիրքը անպիտանացած էր և իբրև փայտի կոճղեր ընկած էր որևէ անկյուն պատված հողով ու մոխրով։ Եվ երբ սրանք մտան առաքինի գործերի ծառայության լծի տակ, սիրով կարդում էին գրքերը և ինքնակամ կրթում էին իրենց մտքերով, գործերով, կատարում էին խոսքով ընթերցվածը, որովհետև աներկրայելի մտքով հավատում էին գրքերի խոսքերին, թե աստծու պատգամներն են։ Եվ սրանք երկուսն էլ վերոհիշյալ մարդկանցով, որոնց անունները՝ վարդապետների ու եպիսկոպոսների, հիշատակեցինք, սկսեցին ընթերցումից գրքերը ուսուցանելուց, վերստին նորոգել ու հարդարել անապատների, վանքերի ու ժամատեղերի [որ ժամին ինչ ասմունք կատարել] բոլոր բարի կարգերը սուրբ հոգու օգնությամբ և օժանդակությամբ, որ վերակացու է գրքերի խոր իմաստների, բանում, հայտնում, ծանոթացնում էր նրանց մտքի տեսողության առջև իմաստությունը, ուղիղ կարգերը, որին ձգտում էին։

Դրանով սահմանեցին, թե անապատականները պարտավոր են միայն մնալ և համբերել խցում և միտքն ու խորհուրդը հոգեկան ու մարմնական ամեն անմաքուր մտածումներից սուրբ պահել. թողնել իր կամքը և հնազանդ ու կատարող լինել առաջնորդի կամքին. ոչ ոքի սեփական ունեցվածք չպետք լինի, ամեն ինչ ընդհանուր պիտի լինի, իսկ առաջնորդը պետք է հոգա բոլոր եղբայրների կարիքները և բաշխի, ում որ պետք լինի, խցում ոչինչ չպետք է ունենալ և կամ ուտել, տարին միշտ պասով պետք է անցկացնել, բացի շաբաթ և կիրակի օրերից և տերունական տոն օրերից։ Ւսպառ պետք է հրաժարվել գինուց ու մսից և ամեն օր առավոտ և երեկո անխափան խոստովանել օրվա անցածներն ու մտածումները։ Ամեն շաբաթ ու կիրակի և տերունական օրեր գիշերը մինչև առավոտ պաշտամունքով անցկացնել, իսկ սույն օրերը անխափան