Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ հասավ խորին ծերության՝ առաքինի վարքով կյանքի ընթացքը ավարտած և հավատը պահած այստեղից փոխվեց կենդանության երկիրը՝ նույն մեծ անապատում, որտեղ թաղված կան նրա մարմնի պատվական նշխարները. նրա վախճանը տեղի ունեցավ մեր թվականության 1069 [1620] տարում։ Իսկ տեր Կիրակոսը, որ գնաց Հոչանց, այնտեղ մնաց կրոնական ժուժկալությամբ, նույն տեղում, Հոչանց զյուղի մոտ, իր անապատում վախճանվեց մեր թվականության 1070 [1621] տարում և գնաց իր սիրեցյալ Քրիստոսի մոտ, որին փափագելով մշտապես կրում էր իր հոգում։ Նույն տեղում թաղված են նրա մարմնի պատվական նշխարները ի փառս օրհնված Քրիստոս աստծու հավիտյանս. ամեն։


ԳԼՈԻԽ ԻԲ
ՄԵԿ ԱՅԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՅՆ ՄԵԾ ԱՆԱՊԱՏԻ ՄԱՍԻՆ

Սույն մեծ անապատի մասին շարադրենք մյուս պատմությունը ևս։ Անապատի շինությունից հետո, երբ անցան քառասունհինգ կամ ավելի տարիներ, անապատի արևմտյան կողմը գետինը պատռվեց դեպի հյուսիս և հասավ մինչև արևելյան կողմը, մինչև հանդիպակաց լեռնաժայռը։ Իսկ արևմտյան կողմից անցնելով գերեզմաններից հասավ մինչև արևմտյան կողմի լեռանը։ Պատռվածքը շատ էր՝ լայն, ընդարձակ ու խոր. եթե պատահեր եզ, ձի կամ այլ անասուն ընկներ պատռվածքի խորափոսը, չէր կարող դուրս գալ։ Բացի սրանից պատռվածքը այստեղ-այնտեղ օրավուր շատանում էր։ Այս պատճառով երկյուղալի կասկած ընկավ անապատի բնակիչների սիրտը, թե այն գետինը, որի վրա շինված է անապատը, սահելու է իր տեղից։ Այդ էին հաստատում նաև այնտեղի պատահած գավառացիները՝ տեսնելով այն պատռվածքը։

Երբ հասավ մեր 1107 [1658] թվականի ապրիլ ամիսը, այս գարունը անձրևային եղավ, իսկ պատռվածքները օրավուր սկսեցին լայնանալ, և հավաստի ամենքի սրտում հաստատվեց