Էջ:Arakel of Tabriz, History.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց սրբանվեր աղոթքները։ Տեր Կիրակոսի մասին պատմում են հետևյալը․ «Աշխարհից մի մարդ եկել, դարձել է մենակյաց, քիչ ժամանակ մնալով անապատում, թեև խոստովանել էր և աշխարհականի հագուստները փոխել, բայց հաղորդված չէր, որովհետև անապատի կարգը այդպես էր, տարին լրանալուց հետո նորեկին հաղորդում էին։ Այս եկած մարդը տակավին տարին չէր լրացել և դրա համար էլ չէր հաղորդվել։ Այնպես պատահեց, որ սա հիվանդացավ և անհաղորդ մեռավ։ Սրա անհաղորդ մեռնելը մեծ խղճի խայթ դարձավ անապատավորների համար, ոմանք կամեցան նույն օրը թաղել նրան։ Իսկ տեր Կիրակոսը պատճառաբանում, պատրվակներ էր հորինում, չէր թողնում թաղել։ Առում էր․ «Այս մարդը եկավ մեզ մոտ և այսքան օրեր մնաց, ոչինչ չօգտվեց մեզնից և այժմ էլ անհաղորդ մեռավ։ Եվ արդ՝ առանց ծեսի ու պատարագի թաղում ենք սրան։ Արդ՝ խղճացեք սրան, այսօր ևս պահեցեք, իսկ վաղը պաշտում-պատարագ կանենք սրա հոգու համար և այդպես կթաղենք դրան»։ Միաբանները համաձայնվեցին անել այդպես, բայց չէին իմանում տեր Կիրակոսի մտքում ունեցածը։ Երբ գիշերը անցավ, առավոտյան տեսան մեռածը հարություն առած ու նստած խոսում ու շարժվում էր․ ինքնուրույն ելավ անկողնուց, գնաց եկեղեցին, հաղորդվեց տիրոջ սուրբ մարմնից ու արյունից և գնաց իր հանգստավայրը, երբ մյուս գիշերը եկավ, նորից վախճանվեց, որին տարան թաղեցին միաբանների շիրմատանը։ Այս էին պատմում Կիրակոսի մասին։ Եվ ուրիշ շատ լսելու արժանի պատմություններ են պատմում անապատի մենակյացներից, որովհետև աստված-հոգին վերակացու էր նրանց։

Սարգիս եպիսկոպոսը մարմնավոր պետքերի հոգաբարձու էր, իսկ գրքի [Աստվածաշնչի] ուսուցիչները տեր Կիրակոսը, Պողոս վարդապետը, Մովսես վարդապետը, Ներսես վարդապետը և Թումա եպիսկոպոսը, որոնք երկար ժամանակ միասին մնացին։ Սրանք բոլորը, ապա տեր Կիրակոսը և Թումա եպիսկոպոսը գնացին Քշաթաղ գավառը, Հոչանց105 գյուղի մոտ շինեցին անապատ և այնտեղ բնակվեցին։ Իսկ Սարգիս եպիսկոպոսը մնաց միևնույն մեծ անապատում և համբերությամբ կրում էր վրա եկած բոլոր նեղությունները, մինչև