տապանաքարերը չթեքվեցին, այլ իրենց դիրքը դեպի ուղիղ արևելք ընդունելով կանգնեցին, ինչպես որ նախապես թաղված էին, բայց սրանց վրայի եղած մատուռը փլուզվեց, ցրիվ եկավ։
Այս ամբողջ սոսկալի գործերը լինելով՝ այնուամենայնիվ ամենակալ աստծու խնամքով ոչ մեկի վնաս չեղավ, ոչ մարդու, ոչ անասունի, միայն մի միաբան մնաց իր խուղում, այնտեղ հողի տակ մեռավ, որովհետև երբ երեկոյան ժամին սկսվեց հոսքը, ոմանք միաբաններից գնացին, նրան հայտնեցին, որ ելնի այնտեղից, որ չմնա հողի տակ, բայց նա երկար ժամանակ ցանկանալով սպասում էր մահվան, դուրս չեկավ, այլ մնաց այնտեղ՝ հույսով ակնկալելով տիրոջը, որպեսզի թերևս իր անմեղ մահվան համար ընդունվի իր բազմագութ տեր աստծուց իր հոգու այցելությունը։
Իսկ անապատի մյուս բոլոր բնակիչները հավաքված էին լեռան վրա, որ անապատի արևելյան կողմն էր, հորդաբուխ արտասուքներով և ծանր հառաչանքներով կոծում էին իրենց և աղաչում էին աստծուն, որ թերևս ազատվեն մահից, և անապատի շինվածքները փրկվեն փլուզումից, որովհետև կատարված արհավիրքից հուսահատված էին, մինչև լուսանալը առավոտվա լույս երկուշաբթի իբրև պաղատավորներ երկյուղի մեջ էին։ Իսկ նա, որի գթությունը ի բնե ողորմության աղբյուր է, տեր աստված ոչ միայն նրանց մահից փրկեց, սւյլև ողջ անապատը պահեց և չթողեց ավերվի, իր ամենազոր աջով անապատը անխախտ պահեց, բացի նախապես հիշատակված ավերվածքներից։
Անապատի միաբաններից մեկը պատմեց այսպիսի մի երազային տեսիլք․ ասաց թե՝ «Տեսնում էի չքնաղադեմ, մեծաշուք, պայծառ հագուստներով, սպիտակ ձի հեծած մեկին, որ կանգնած էր եկեղեցու տանիքին, որի առջև հավաքված միաբանները պատմում էին սարսափելի չարչարանքների անցքերը։ Իսկ երևացած փառավոր մարդը նույնը կրկնելով խոսում էր միաբանների հետ, ու իր խոսքի ընթացքում այդ փառահեղ մարդն ասաց, և ես այդ գործերի մասին կանգնած եմ և հոգում եմ. այդ պատճառով իմ ծունկը մի քիչ ցավեց, որովհետև ոտքերս դեմ էի արել քարաժայռին և լեռը