Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ասաց. «Տեր, բաց մեզ համար, տեր, բաց մեզ համար, տեր բաց մեզ համար քո ողորմության դուռը, որ ողբալով կանչում ենք քեզ»։ Եվ աստծու շնորհներով առանց որևէ մեկի մոտենալու անմիջապես դուռը բացվեց։ Իսկ գյուղի քահանաներից, աշխարհականներից նրանք, որ մոտիկ կանգնած էին, քարացած, զարմացած, ապուշ էին կտրել։ Ապա ուշքի գալով՝ շտապ գնացին, ամբողջ ժողովրդին հայտնեցին․ սրանք լսելով՝ թողին տուն ու ընտանիք, խոր գիշերին շտապ այնտեղ հասան մեծ ու փոքր։ Եվ երբ տեսան, օրհնություն էին վերառաքում ի բարձունս աստծուն։ Եվ երբ եկեղեցու դուռը բացվեց, ամբողջ ժողովրդով ներս մտան, ուրախությամբ ու ցնծությամբ այնտեղ՝ նույն եկեղեցում սկսեցին գիշերային կարգը, իսկ առավոտյան մատուցեցին պատարագի փրկական խորհուրդը և ամենքը միաբերան օրհնում էին հրաշագործ աստծուն, որ նրանց արժանի արեց այդ պարգևին։ Այս լուրը հռչակվեց գավառի բոլոր կողմերը քրիստոնյաների [հայ] և այլազգիների մեջ. ովքեր լսում էին, զարմանալով օրհնում էին աստծուն։

Արդ՝ այս փակված դռների բացումով ինչ-որ մեծ խորհուրդ հայտնվելով երևաց, քանզի նրա հետ արևելյան մեր աշխարհում բացվեց կենաց խոսքի քարոզության դուռը, որոնք [ժողովուրդը] մինչև այդ ժամանակ անգիտության խոր խավարի մեջ էին թաղված եկեղեցականները և աշխարհականները, ինչպես կռապաշտության ժամանակ։ Ինչպես տեր Քրիստոս, իբրև արդարության արեգակ ծագեց երկրում և լուսավորեց բոլորին աստվածագիտության հավատով, այդպես էլ սուրբ վարդապետ Պողոսը՝ մեր արևելյան կողմը, որովհետև մեջտեղից վերացրեց ամեն ավելորդ անկարգություն եկեղեցականներից ու աշխարհականներից, ուղիղ քարոզությամբ կարգադրեց, շքեղացրեց բոլորին։ Որովհետև եկեղեցու դռան բացվելով, բացվեց արևելյան մեր աշխարհի հավատի դուռը սրա քարոզությամբ և անբիծ ու անկեղծ վարդապետությամբ, քանզի առաքելաբար շրջում էր ամեն տեղեր, քարոզում էր կենաց խոսքը, կարգում էր քահանաներ, շինում էր եկեղեցիներ և եկեղեցիներում ու գյուղերում հաստատում էր բարի կարգեր, մանուկներին հավաքում էր Սուրբ գրքի ուսման և տեղ-տեղ հաստատում էր դպրոցներ,