Նախիջևանից ելավ, գնաց Շամբ գյուղը, որպեսզի գնա իր տեղը։
Ըստ իր մշտական սովորության, կեսգիշերին վարդապետը աղոթում էր. այդ գիշեր աղոթքից հետո խթեց աշակերտի կողը և զարթեցրեց նրան։ Ուրիշները նույնպես զարթնեցին։ Սկսեց հարցնել նրանց, թե որն է ձեզ լավ թվում՝ արիանալ ընդդեմ այս փորձության, դիմագրավել այս խռովությունը և քարոզել կենաց խո՞սքը, թե տեղի տալ ու հեռանալ սրանց խառնակչությունից։ Իսկ աշակերտները պատասխանեցին. «Դու ինքդ տեսնում ես տգիտության խավարը, թե ինչպես սփռված է ժողովրդի վրա, տեսնում ես նաև այն, թե ինչպես տերը բացեց քարոզության դուռը, որովհետև ինչ էլ որ քարոզում ես, անմիջապես արդյունավորվում է։ Արդ՝ չլինի վհատվես, որովհետև տեր աստված օգնական է, դու պետք է արիանաս և համբերես փորձության՝ ժողովրդի օգտի համար և քարոզես կենաց խոսքը»։
Երբ սուրբ վարդապետը այս քաջալերանքը ստացավ նրանցից, այդ ժամանակ իր աշակերտներին ասաց. «Արդ՝ իմ որդիներ, որովհետև այդպես ասացիք, մենք պետք է գնանք թագավորի մոտ ու նրանից թույլտվություն առնենք եկեղեցիների շինության համար. իսկ ես ակնկալում եմ տիրոջից, որ թագավորը մեր խնդրանքը կկատարի։ Արդ՝ եթն նրանից այս թույլտվությունն առնենք, մեզ հասնենք բարի անուն կլինի, և եթե մեզ սպանեն, բարի վարձք ենք ընդունելու Քրիստոսից նրա վաստակավոր ծառաների հետ»։ Աշակերտները նույնպես հաստատեցին, թե շատ լավ է այդ մտադրությունը։
Նույն ժամին, նույն գիշերը վեր կացան, Շամբից ելան, անցան Արաքս գետը և ճանապարհ ընկան գնալու թագավորի մոտ, որ ինքը առաջին Շահ-Աբասն էր, եկեղեցի շինելու հրաման առնելու նրանից։ Սաղմոսի կանոնի ավարտից հետո, որ ճանապարհին գնալիս երգում էին, պատահեց այն քարոզը, որտեղ ասվում է «Խաղաղության ճանապարհներին մեր ընթացքը ուղղելու համար տիրոջն ենք աղաչում»։ Մյուս տունն էլ ասում է. «Հակառակորդին շուտափույթ ոտքերի տակ խորտակելու համար տիրոջն ենք աղաչում»։ Այդ ժամանակ