Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարդապետը նրանց, որոնք իր հետ էին, ասում է. «Տեսեք որդիներ իմ, որ մեր ճանապարհը ըստ այս սաղմոսի վկայության ուղիղ է»։ Սրանով ավելի ևս հաստատուն դարձան, ուրախացան և մեծ հույսով գնում էին։

Եվ երբ հասան Արազբար կոչված գավառը և օրը տարաժամելու հետ մտան այլազգիների մի գյուղ գիշերելու այդ գիշեր, տեսան, հավատով մահմեդական մի մարդ ընդառաջ եկավ իրենց, աղաչեց և ասաց. «Ձեզնից խնդրում եմ, աստծու սիրուն, մի գարշեք իմ այլազգությունից, այլ զիջեք իմ աղաչանքներին, եկեք իմ տունը, որպեսզի ձեզ հյուրընկալեմ։ Որովհետև աստծուն ուխտ եմ արել, որ այսօր առանց հյուրի չճաշեմ։ Մինչև այժմ այս գյուղամեջում սպասում եմ ու նայում հյուրի, և արդ՝ աստված ձեզ ուղարկեց, ուստի սիրով ցանկանում եմ ձեր գալուստը իմ տուն»։ Իսկ երանելի վարդապետը մարդուն ցնծությամբ պատասխանեց և ասաց․ «Թող այդպես լինի, ինչպես ասացիր, գնանք քո տունը»։ Եվ այն գիշեր օթևանեցին այդ մարդու տանը։ Մարդը շատ լավ սպասավորեց նրանց՝ ամեն պիտույքներով և հանգստությամբ։ Եվ երբ առավոտյան կամեցան գնալ, այլազգին եկավ աղաչեց, խնդրեց և ասաց, թե՝ «Ես զավակ և հիշատակ չունեմ երկրի վրա, խնդրում եմ ձեզնից՝ աղոթք անել ինձ համար, որպեսզի զավակ ունենամ, քանզի իմ կինը ամուլ է»։

Իսկ սուրբ վարդապետ և մշտատարած ձեռքերը բարձրացրեց երկինք և պատշաճ աղոթքներով խնդրեց աստծուց, որ իրան զավակ տա։ Իսկ դյուրալուր տերը, որ խոստացավ իր ծառաներին, թե այն ամենը, ինչ որ խնդրում եք հավատով, կստանաք, սուրբ վարդապետի աղոթքով այն մարդուն զավակ պարգևեց, ինչպես որ հայտնեց նույն մարդը։ Քանզի որոշ ժամանակ անցնելուց հետո այդ այլազգի մարդը, նվերներով եկավ և վարդապետի առջև ընծա գնելով երկրպագեց, գոհություն հայտնեց և խոստովանեց, որ նա շնորհներով է օժտված, թե՝ «Քո աղոթքներով աստված ինձ զավակ պարգևեց, արդ՝ խնդրում եմ աղոթես, որպեսզի աստված նրան պահի երկար ժամանակ»։ Իսկ սուրբ վարդապետը վրան աղոթք արեց և մխիթարեց նրան շատ խոսքերով, ուղարկեց իր տեղը։

Արդ՝ այս իրողության պատահումը նման եղավ այն բանին