Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ Աստված արեց մեծ նահապետ Աբրահամի հետ, ինչպես որ նա իջավ Արբահամին հյուր և պարգևեց նրան զավակ, սույնպես էլ վարդապետը եկավ այլազգիին հյուր և աղոթքով խնդրեց աստծուց՝ նրան զավակ պարգևել, որով փառավորվի Հիսուս Քրիստոսի՝ մեր տիրոջ անունը ըստ իր անսուտ խոսքի, թե կտեսնեն ձեր բարի գործերը և կփառավորեն ձեր հորը, որ երկնքում է[1]։

Սրանից հետո վարդապետը դուրս եկավ այնտեղից, գնաց աղվանից երկիրը՝ Ղարաբաղ, այն վայրը որ անվանվում Է Քոթուկլու112, քանզի այնտեղ էր բանակել Շահ-Արաս թագավորը իր ամբողջ սպայակույտով։

Իսկ երբ վարդապետը հանդիպեց թագավորին, տերը իր շնորհալի ծառային ներկայացրեց այլազգի ահարկու թագավորին. և երբ արքան վարդապետին հարցրեց, թե ինչ խնդրանք ունես մեր թագավորությունից, վարդապետը պատասխաննելով՝ ասաց․ «Նախ՝ արքայի կյանքի երկարությունը և նրա աթոռի հաստատությունը. երկրորդ՝ որ, արքա, քո խաղարար թագավորությամբ հայ ազգը ամեն բարիքներից ոչ մի պակասություն չանի, բացի միայն աղոթքներից, քանի որ աղոթատեղ չկա, որպեսզի առ աստված աղոթեն աշխարհի և թագավորի կյանքի համար։ Արքայից այս եմ խնդրում, որ ինձ եկեղեցի շինելու հրաման ու հրովարտակ տա։ Եվ եթե սա վարձք ունենա, թագավորին լինի, իսկ եթե մեղանչանք ունենա, ինձ լինի»։ Արքան այս լսելով զվարճացավ իր մեջ և բարձր ձայնով ասաց իր նախարարներին. «Իշխաններ ու դատավորներ, ո՞րն է ձեզ արժանի և ուղիղ թվում՝ հրաման տա՞լ եկեղեցի շինելու, թե՞ արգելել»։ Ինքը դարձյալ շտապ պատասխանեց իր խոսքերին, թե չպետք է արգելել, այլ պետք է շինելու հրաման տալ, որովհետև դրանք ևս աստծու տներ են։ Եվ անմիջապես հրամայեց հրովարտակ գրել և տալ նրան։ Երբ [հրամանը] կատարեցին, տվին թուղթը, նա տարավ հեռու, կարդալ տվեց, տեսավ, որ այնպես օգտակար չէր, որ բավարարեր ներկա ժամանակի կարիքներին, դրա համար հարկադրված կրկին ներկայացավ արքային և հիշեցրեց

  1. Մատթ. Ե 16։