Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սովորության, նրան պատահեցին Մելքիսեթ կաթողիկոսի եղբորորդի Սահակ կաթողիկոսը և նրանց համախոհներից ուրիշներ։ Շատ օրեր տանջեցին նրան, ասելով՝ լռիր դու քարոզությունից։ Իսկ Պողոս վարդապետը չէր կամենում լռել, որովհետև խիստ ցանկանում էր և փութեռանդ էր քարոզության մեջ։ Բայց հակառակորդները մշտապես խիստ բազմահնար խորամանկության շղթաներով և զրպարտության մեքենաներով ճմլեցին, կորացրին նրան՝ ասելով. «Դու այլևս չպետք է շրջես ժողովրդի մեջ և քարոզես, այլ մեզ մահմեդականների վկայությամբ ստորագրություն տուր, թե եթե այսուհետև քարոզես, լինես թագավորի թշնամին և մահվան ու սպանման ենթակա»։ Եվ շատ օրեր հակառակորդները բազմազան ձևերով ճնշեցին վարդապետին, որը մնաց ճարահատ, քանի որ նրանց դիմաց միայն ինքն էր առանց որևէ օգնականի։ Չնայած քրիստոնյաներից շատ բարեկամներ ու սիրողներ ուներ վարդապետը, բայց հակառակորդների երկյուղից ոչ ոք չէր հանդգնում վարդապետին օգնել։ Այս պատճառով մնաց ճարահատյալ և նրանց ստորագրություն տվեց հետևյալ ձևով․ «Ես Պողոս վարդապետս ստորագրություն եմ տալիս, որ այսուհետև չեմ շրջի ու չեմ քարոզի, իսկ եթե սրանք անեմ, ես լինեմ թագավորին թշնամի»։ Երբ հակառակորդները այս ստորագրությունը Պողոսից առան, ուրախացան անասելի խնդությամբ։

Այնուհետև Պողոս վարդապետը գնաց Մեծ անապատը, մնաց մենակեցությամբ, խցում լռեց, մշտամատույց աղոթքներով խոսակցում էր աստծու հետ։ Այնտեղ մնաց և անապատից դուրս չեկավ մինչև իր կյանքի վախճանը. հանգավ ի տեր և այնտեղ թաղվեց։

Սրա վախճանը տեղի ունեցավ մեր թվարկության 1069 (1620) տարում։ Նրա գերեզմանից բազմաթիվ հրաշագործություններ ենք լսում հիվանդների ու ցավագարների մեջ, որոնք հույսով գնում են նրա մոտ, ամեն ցավի բժշկություն են ստանում մեր Քրիստոս աստծու՝ նրան զորացնողի շնորհներով, որին փառք հավիտյանս․ ամեն։