Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ բաների նկատմամբ անհոգ ու անփույթ էր, բայց տնօրինող սուրբ հոգին ման տալով շրջեցնում էր այսպիսի կրոնավորական կարգերի մեջ նրան ուսուցանելու ապագա ժամանակների համար, որպես և պետք է եկավ Մեծ անապատի կարգավորության ժամանակներում։ Տեր Մովսեսը Եգիպտոսից դառնալով եկավ Երուսաղեմ և եղավ Սուրբ Հարության տաճարի լուսարար։

Այդ ժամանակ պատահեց, որ պարոն Սարգիսը և տեր Կիրակոսը այնտեղ էին, որոնց մասին գրեցինք, թե եղան անապատի ու կրոնավորական կարգերի սկզբնավորողներ։ Սրանք գտնվում էին Երուսաղեմում, շրջում էին այն երկրում, հունաց վանքերում, Հորդանան գետի եզրերին, Փորձության լեռան վրա և որոնում էին ուշադրությունից զերծ ու անգայթակղիչ անապատի տեղ, բայց ըստ պատշաճի չէին գտնում։ Այդ առթիվ տեր Մովսեսը ասաց. «Այդպիսի տեղ, որ որոնում ենք, [հայոց] արևելյան երկրում շատերը կան, մանավանդ Սյունյաց աշխարհում, որոնց ես իսկն ականատես եմ․ այն աշխարհում շատ ավելի պատշաճ է անապատ շինել, որովհետև բուն Հայաստանն է. վանքեր, գյուղեր ու քրիստոնյա ժողովուրդ շատ կան, ուստի անապատի բոլոր կարիքները կլրացվեն։ Նաև ինքը տեր Մովսեսը հանձն առավ, որ երբ նրանք ժամանեն այն երկիրը և որևէ տեղ անդորրանալով զետեղվեն, որտեղ էլ ինքը՝ տեր Մովսեսը լինի, ամեն ինչ կթողնի այնտեղ, նրանց մոտ կժամանի և նրանց հետ կբնակվի իբրև միաբան։ Արդ՝ այսպիսի հորդորող խոսքով նրանց ուղարկեց Արևելյան վերին աշխարհը [Սյունիք], ինքը մնաց Երուսաղեմում։ Սուրբ Գրիգոր եպիսկոպոսի, որ սուրբ Հակոբի առաջնորդն էր, հրամանով [Մովսեսը] գնաց նվիրակության Երուսաղեմի համար և, քրիստոնյաներից մեծ քանակությամբ արդյունքներ հավաքելով, բերեց Երուսաղեմ Գրիգոր եպիսկոպոսի առջև։

Ապա Երուսաղեմից ելավ, եկավ իր վարդապետ Գրիգոր Կեսարեցու մոտ, որը Կոստանդնուպոլսում էր, քանզի թագավորական հրամանով նստել էր իբրև քաղաքի առաջնորդ՝ պատրիարք կոչումով։ Մի քանի տարի մնալով իբրև Գրիգոր վարդապետի աշակերտ պարկեշտ և սրբակրոն վարքով՝ ոչ պերճապաճույճ և փափուկ հագուստով, որպես այդ ժամանակ