Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քահանաները, բայց ոմանք ստանձնում էին մելիքության, ոմանք տանուտերության իշխանության, ոմանք պոռնիկներ ու երկկանայք էին, ոմանք միանում էին այլազգի իշխաններին և դառնում նրանց չար գործերի արբանյակները, քրիստոնյաների մատնիչներ։ Ոմանք մարմնական արհեստներով և հողագործությամբ էին զբաղվում իբրև աշխարհականներ՝ բոլորովին լքելով ժամն ու պատարագը։ Աղոթքի ժամին եկեղեցի չէին գնում, և գյուղերում ժամկոչի[1] ձայն չէր լսվում․ նրանցից լրիվ վերացել էր քահանայության շնորհքը, բայց տակավին իրենք քահանաներ էին անվանում և քահանայական գործ էին անում ոչ իբրև քահանաներ, այլ իբրև արհեստավորներ իրենց մարմնական վարձի համար։

Ոչ միայն գյուղական քահանաներն ու աբեղաները ըստ ասածիս անուղղա կարգուկանոնով թափառում էին, այլև կաթողիկոսները, որովհետև մեկը չէր, այլ երեք և չորս կաթողիկոսները և այն էլ՝ փառամոլության ու ագահության պատճառով իբրև մաքսավորներ կապելով ու հարկով պարսից թագավորից գնում էին կաթողիկոսական իշխանությունը և Սուրբ աթոռ Էջմիածինը։ Եվ ժողովրդի մեջ շրջագայելի թագավորական ծառա և այլազգի զորականներ էին շրջեցնում իրենց հետ և ժողովրդի տուրքը, հասը ճշտիվ և ուժի բռնությամբ առնում էին ինչպես Հեղիի որդիները119։ Եվ կաթողիկոսները, ինչպես իրենք դրամով ու կաշառքով կաթողիկոսական աստիճան էին ստանում, այդպես էլ իրենց ձեռնադրած եպիսկոպոսները, քահանաները տգետ, խոտան, անպետք ըստ Սաղոմոսի, որոնք որովայնի պաշտոնյաներ[2] էին, մշտապես գինարբուքի մեջ շրջում էին գուսաններով ինչպես մարմնավոր իշխաններ առավոտից մինչև երեկո, հետևում էին կատակների, լկտի խոսակցությունների և դատարկամտության։

Եվ սրանց բոլորի պատճառը ոչ այլ ինչ էր, եթե ոչ հեռացումը Աստվածաշնչից և աստծո երկյուղից․ բնավ գրքեր

  1. Ժամկոչ կարծում եմ պետք է ժամկանչ [եկեղեցի կանչելը] հասկանալ, որ կատարվում է զանգահարությամբ։
  2. Զի այդպիսիքն տեառն մերոյ Քրիստոսի ոչ ծառայեն, այլ իւրեանց որովայնին [Հռովմ. ԺԶ 18]։