Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէին կարդում, աստվածային մատյանները փակվել ու լռել էին, որովհետև խափանվել էր Աստվածաշնչի ընթերցումը, որ արհամարհված էր նրանց աչքում. հողով ու մոխրով պատված ընկած էին որևէ անկյուն, որովհետև ըստ տիրոջ խոսքի ոչ գիրք էին ճանաչում, ոչ էլ գրքերի զորությունը[1]։

Արդ՝ եթե եկեղեցականները այսպես էին, ի՞նչ ասեմ աշխարհականների մասին, որոնք բնավ չգիտեին, թե քրիստոնյաները պարտավոր են խոստովանել, հաղորդվել, կամ ամեն օր աղոթատեղ այցելել, նաև պասը ձեթով ու գինիով փչացնում էին, ոմանք կնաթող էին, ոմանք երկկին, չհաս և ազգապղծության մեղքերով շաղախված:

Իսկ եկեղեցիներն ու վանքերը՝ բոլորն անշուք ու անպատիվ, զարդերն ու սպասքները՝ բոլորովին կողոպտված, մինչև իսկ սուրբ սեղանը՝ ամենևին մերկ ու բաց։ Երկար ժամանակ փակված դռներով, խավար ու անլույս, պաշտամունքից ու պատարագից լուռ, շինվածքը ավերված ու խախտված, տանիքն ու պատերը իբրև անտեր ու այրի՝ զրկված փեսայից, օտարացած որդիներից, նստած թախծոտ ոգով ու անմխիթար լալիս էին մարդու երեսին120։

Արդ՝ բազմապատիկ ավելի քան ինչ որ շարադրեցինք, աղավաղված ու եղծված էր բարեկարգությունը հայոց Վերին աշխարհից121: Դրա փոխարեն արձանացել ու արմատացել էր անկարգությունը։ Այս պատճառով վշտանում և հոգու չափ ցավում էին այս տգետ մոլորությունների վրա այս երկու սուրբ վարպետները՝ Մովսեսն ու Պողոսը, որի որպիսությունը անցյալ գլխում ծանոթացրինք։ Պողոս վարդապետը Մովսեսից քիչ ժամանակ ավելի առաջ էր եկել Վերին երկիրը [Սյունիք] և իր մենակության պատճառով հակառակորդները ճնշում էին նրան, իսկ երբ Մովսես վարդապետը եկավ, իրար զորավիգ լինելով բոլոր գավառներում համարձակ քարոզում էին։ Այս երկու վարդապետները, պարոն Սարգիսը և տեր Կիրակոսը՝ հիշված մյուս մարդականցով, որոնց Մեծ անապատի գլխում հիշատակեցինք, նախ՝ անապատի ու կրոնովորության այն ամեն կարգն ու դրվածքը սահմանեցին, որոնք

  1. Պատասխանի ետ նոցա Յիւսուս եւ ասէ. Մոլորեալք, ոչ գիտէք զգիրս եւ ոչ զզօրութիւն Աստուծոյ [Մատթ. ԻԲ 29]: