Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նեղում էր վարդապետներին։ Շատ անգամ կաթողիկոսը պատահելով այստեղ-այնտեղ՝ նրանց սահմանած կարգը խափանում էր և նրանց կողմից առաջ քաշված անձանց ետ էր մղում, իսկ նրանց կոպիտ խոսքերով սպառնական պատգամներ էր ուղարկում։

Նաև վարդապետները հանդիպեցին կաթողիկոսին և նույն անարգալից խոսքերը լսեցին նրանից։ Որովհետև թագավորական իշխանությամբ էր խրոխտանում վարդապետների վրա, և այնքան վտանգեցին վարդապետներին, մինչև որ Պողոս վարդապետից ստորագրություն առան, որ այլևս չի շրջի քրիստոնյաների [հայերի] մեջ և չի քարոզի, ինչպես նախօրոք պատմեցինք նույնին վերաբերող գլխում[1]:

Իսկ երբ այնպես եղավ, որ Պողոս վարդապետին մի կողմ մղեցին և Մովսես վարդապետին միայնակ գտան, սկսեցին սաստիկ մրցանքով մաքառել նրա դեմ և նրան այնքան նեղը լծեցին, մինչև որ Մովսես վարդապետը ինքն իր փիլոնը, գավազանը և գորգը ուղարկեց Մելքիսեթ կաթողիկոսին՝ ասելով. «Որովհետև չես կամենում մեր քարոզությունը, ահա և առ քեզ մեր իշխանությունը, իսկ մենք լռելով կդադարենք քարոզելուց, և եթե դրա առիթով որևէ մեղք լինի, դու պատասխան կտաս աստծուն»։ Իսկ բարիքներ կամեցող աստված, որ ամեն ինչ տնօրինում է, Մովսեսի արարքը հաճելի չարեց Մելքիսեթի խորհրդակիցներին, դրա համար համոզեցին Մելքիսեթին՝ Մովսեսի իշխանությունը չառնել, այլ իր գավազանը իրեն վերադարձնել և հրաման տալ քարոզության։ Մելքիսեթը այդպես էլ արեց։

Թեպետ Մելքիսեթը Մովսեսին քարոզելու հրաման տվեց, բայց նենգելուց չդադարեց, քանզի անընդհատ ճնշում էր, դատափետելով պարտավոր էր դարձնում ու զրպարտում, ինքն ու իր համախոհները անխնայորեն նրա վրա նեղություններ էին բարդում։

Մովսես վարդապետը դրանց արարքներից զզված, ոգով չափ դառնացած, ձանձրացած, սրտով վհատված ու լքված մտածում էր տիրոջ խոսքը. թե՝ «կհալածեն ձեզ այս քաղաքից, փախեք մյուսը[2]։ Մտածեց հեռանալ Արևելյան աշխարհից

  1. Տե՛ս նախորդ գլուխը:
  2. Մատթ. Ժ 23: