Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրքերի ընթերցումով գտան և որոնք Մովսես վարդապետը ղփթիների անապատում տեսել ու սովորել էր, ապա նրանք անապատում մնալով աղոթում էին աշխարհի փրկության համար և նույն աղոթքով նպաստում էին վարդապետներին՝ խնդրելով սուրբ հոգուց օժանդակելու նրանց կենաց խոսքի քարոզության մեջ։ Իսկ երկու վարդապետները՝ Պողոսն ու Մովսեսը հավատքի ամոլներ լինելով շրջեցին մեր Արևելյան աշխարհի բոլոր գավառները, ամենքին քարոզում էին ճշմարտությունը, շինում էին եկեղեցիներ, կարգում էին քահանաներ, հաստատում էին դպրոց, սովորեցնում էին մանուկներին, որովհետև առաքելաբար հետիոտն շրջում էին՝ գնալով. որևէ մեկից ոչինչ չէին վերցնում, այլ միայն ուտելիք, իսկ ամբողջ շաբաթը պաս էին պահում, միայն կլոր տարին շաբաթն և կիրակի օրերն էին նավակատիքի կերակուրներով ճաշակվում, իսկ գինուց ու մսից ամենևին հեռու էին:

Իսկ Վերին աշխարհի [Սյունիքի] քրիստոնյաները [հայերը] լսելով նրանց ճշմարիտ քարոզները և տեսնելով նրանց գործերը՝ բոլորը ետ կանգնեցին իրենց թյուր ճանապարհից, հնազանդվեցին նրանց կարգերին ու սահմանադրությանը՝ իշխաններ, եպիսկոպոսներ, քահանաներ և նշանավոր մարդիկ բոլոր ռամիկներով հանդերձ: Բայց շատ անվանի մարդիկ՝ եկեղեցականներ ու աշխարհականներ, ոչ միայն չընդունեցին նրանց քարոզները, այլև հակառակվում էին, կենսամոլ ու խաբեբա անվանում, և նրանց սահմանած կարգերը իրենք և իրենց արբանյակներն էին խանգարում, ուր որ հասնում ու կարողանում էին:

Բայց հակառակության այս գործը անում էին թյուր ու օրինազանց մարդիկ, որոնց հաճելի չէին ճշմարտության ճանապարհները. վարդապետների մասին չարահամբավ լուրեր էին տարածում և նրանց ամբաստանում. նրանց ամբաստանության լուրը մինչև անգամ հասավ երկրի այլազգի իշխաններին՝ խանին ու սուլթանին, մանավանդ Մելքիսեթ կաթողիկոսին, որը թագավորական բռնությամբ էր վարում կաթողիկոսության իշխանությունը։ Որովհետև ինքը նույնպես ուղիղ ճանապարհի վրա չէր, այդ պատճառով տեղի էր տալիս այնպիսիների ամբաստանությանը և նրանցից նյութ առնելով