Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա աշակերտները, բոլոր քահանաներն ու ժողովուրդը թախանձում էին հանձն առնել եպիսկոպոսության աստիճանը, որի համար Մովսես վարդապետը հանձն առավ լինել եպիսկոպոս։

Ապա Մելքիսեթ կաթողիկոսը եկավ սուրբ առաքյալ Անանիայի դամբարանը, որտեղ Մովսես վարդապետի բնակությունն էր, որը և անվանեցին անապատ, այնտեղ (Մելքիսեթը) նրան օրհնեց եպիսկոպոս ավագ երկուշաբթի օրը։ Ապա կաթողիկոսն ու վարդապետը եկան Էջմիածին, և բոլոր եկեղեցականները, աշխարհականներ ու ավագ հինշաբթի օրը մեռոն օրհնեցին։ Մեռոն օրհնելուց հետո, շտապ ճամփու դրին ժողովրդին, քանզի բազմաթիվ երկրներից ժողուվուրդ էր եկել․ որոնք, սուրբ մեռոնի և Էջմիածնի օրհնությունը առնելով, գնացին իրենց տեղերը։

Իսկ ջուղայեցի վաճառականները հասնելով Սպահան քաղաքը իրենց համազգայինների մոտ՝ ամենքին պատմեցին բարեվայելուչ արարողությունների մասին, որ տեսել էին Մովսես վարդապետից։ Իսկ ջուղայեցիները՝ եկեղեցականներ ու աշխարհականներ, լսելով այդ` տենչում էին վարդապետի սիրուն և խանդակաթ սրտով փափագում էին նրա տեսությունը։ Նրանք պատրաստեցին նշանավոր մարդիկ՝ քահանաներ ու աշխարհականներ, և ուղարկեցին իբրև հրավիրակ Մովսես վարդապետի, որպեսզի գա Սպահան իրենց մեջ։ Նաև ջուղայեցիների գլխավորը՝ Քրիստոսի ողորմությունները իրեն արժանի խոջա Նազարը, դրեց իր որդուն՝ խոջա Սաֆրազին, որ այդ օրերին Ատրպատական երկրում էր, մեծարել Մովսես վարդապետին Սպահանում։ Նրանք եկան, Մովսեսին առան, տարան Սպահան։ Իսկ նա այնտեղ ըստ քրիստոսական վարդապետության և ավետարանական քարոզության սփոփելով՝ մխիթարում էր նրանց և հաստատում քրիստոսական հավատքի մեջ, ոչ միայն քաղաքի բնակիչներին, այլև ամբողջ շրջակա գավառին։ Այնտեղ որոշ ժամանակ մնալով մեծ փառքով փառավորվեց նրանցից, ապա այնտեղից վերադարձավ Երևան քաղաքը՝ իր տեղը։

Մինչդեռ Մովսես վարդապետը անհոգ միամտությամբ մնում էր Երևան քաղաքում՝ իր տանը, Մելքիսեթ կաթողիկոսը նենգություն նյութեց նրա դեմ հետևյալ ձևով։ Մի թուղթ մեջտեղ