Էջ:Arakel of Tabriz, History.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեթի ճրագ էր վառում և դնում բեմի վրա, այն էլ երբեմն-երբեմն անցորդ-ճամփորդների համար, որպեսզի տեսնելով այն՝ իրեն ողորմություն տան։ Ոչ խնկարկություն, որովհետև բուրվառ ու խունկ չկար։ Եկեղեցու սալարկած հատակը քանդքնդված էր, դարձել էր զեռունների ու սողունների բույն, իսկ ունեցած մեծամեծ լուսամուտները բոլորը բաց էին առանց շրշանակի, որտեղից թռչունները ներս էին մտնում, եկեղեցին լցնում ծիրտերով ու ծեղերով և այլ աղբերով, որոնք ամեն օր հարկադրված սրբում էինք։ Իսկ առավոտյան լուսանալիս թռչունների ձայները խլացնում էին ժամասացությունը։

Իսկ դրսից գմբեթի գագաթը, ամբողջ տանիքը, պատերի երեսները քանդքնդված էին ու քարերը թափված, պատերի հիմքի քարերը փշրված ու ծակոտված։ Վաղեմի ժամանակներից եկեղեցու շուրջը եղած շինությունները դարձյալ ավերված են և միմյանց վրա փլված։ Հողն ու մոխիրը այնքան էին բարձրացել, որ եկեղեցու շուրջը ամեն կողմից աղբն ու հողը յոթ կանգուն բարձրացել, եկել ծածկել էր եկեղեցու հիմքերն ու աստիճանները, որ դրսի կողմից են։

Իսկ եկեղեցու կամ տան զարդերը, սպասքներ ու անոթներ բնավ չկային, որովհետև ինչ որ եղել էին հին ժամանակներից, կաթողիկոսները բոլորը վաճառելով կամ գրավ դնելով վատնել էին, և այժմ նույնպես գրավ դրված անոթներ կային մահմեդական իշխանների մոտ։ Սրանք Մովսես վարդապետը ազատեց. դրանք էին սուրբ Գրիգոր լուսավորչի որդի Արիստակես հայրապետի աջը, նաև Աղջուց վանքի սուրբ Ստեփանոսի աջը, որոնց հետ խաչ, սկիհ, բուրվառ, շուրջառ և այլ իրեր։

Իմ ասած խոսքերը ցույց են տալիս, որ տեղը թափուր էր մարդկանցից․ ճիշտն ասեմ, ամենևին անբնակ չէր, իսկ դու համարիր իբրև անբնակ, որովհետև կաթողիկոսները այնտեղ՝ Էջմիածնում չէին բնակվում, այլ Երևան քաղաքում՝ կաթողիկե եկեղեցում կամ երկրներում շրջագայում էին։ Իսկ ոմն սևագլուխներ՝ սինլքորներ, գռեհիկներ, ինչպես գյուղացի հողագործներ, ստորին մշակների հետ բնակվում էին Էջմիածնում և տարվա շատ օրերը ավելի գյուղերում էին անցկացնում, քան Էջմիածնում։