աշխարհն ու նրա հարստությունը զանց է արել, և դրանցից ոչ մեկի պետքը չունի, իսկ եթե շնորհ անես, սրան իբրև պարգև տուր Էջմիածնի լուսարարությունը, որպեսզի այնտեղ այն եկեղեցուն սպասավորելով՝ աղոթի թագավորի կյանքի համար»։ Նրա [Նազարի] խնդրանքը հաճելի եղտվ, և արքան շատ հավանեց, ուստի թագավորական հրովարտակով Սուրբ Էջմիածնի լուսարարությունը տվեց Մովսեսին։
Ապա Մովսես վարդապետը Ֆահրապատից դուրս եկավ մեծ փառքով և անպատմելի ցնծությամբ, ոչ միայն իր, այլև բոլոր քրիստոնյաների [ցնծությամբ] եկավ, հասավ Երևան քաղաքը, ապա Սուրբ Էջմիածին և առանց հապաղելու ձեռնարկեց Սուրբ աթոռի վերանորոգության. մեր թվականության 1076 (1627) տարին վարդավառի պասի երկուշաբթի օրը սկիզբ դրին շինության ու նորոգության։
Արդ՝ տեսնում ես նորոգությունը, բայց չգիտես, թե ինչպիսին էր ավերակությունը. դրա համար հարկադրված գրում եմ ավերակության մասին, որպեսզի ծանոթանան Սուրբ աթոռի թշվառությանը, սրանով նաև այն ցավին ու կսկիծին, որ ունեին ողջ հայ ազգն ու վարդապետները ժամանակին Սուրբ աթոռի համար։ Սրա հետ նաև [ծանոթանան] Մովսես վարդապետի և իր աշակերտների աշխատանքներին, քրիստոնյաների նվիրատվություններին ու ողորմություններին Սուրբ աթոռի նորոգության համար։
Ինչպես ասում է Դավիթ մարգարեն, թե՝ «Երուսաղեմը դարձրին ինչպես մրգապահների հյուղեր»[1]։ Իսկ Եսայի մարգարեն Սիոնի մասին ասում է. «Սեխենիների մեջ իբրև հովանի»[2]։ Սրա նման համարիր նաև աստվածաբնակ Սուրբ աթոռը, որովհետև բոլորովին դատարկվել էր ունեցվածքից, կողոպտվել էր զարդերից, ոչ գիրք կար, քանի որ այնտեղ ժամասացություն չկար, և ոչ էլ ընթերցում, ոչ զգեստ ու շուրջառ, որովհետև ժամակարգություն ու պատարագ չկային։ Մինչև անգամ Քրիստոսի իջման տեղն ու սուրբ սեղանը ծածկոց չունեին։ Ոչ կանթեղներ, որովհետև լույս չկար, այլ մշտապես խավարի մեջ էր, բայց մի այլազգի մահմեդական